Ապրենք հանուն նոր հաղթանակների. ՀՀ երեք նախագահները շնորհավորական ուղերձներ են հղել

ՀՀ երեք նախագահներն էլ վստահ են, որ հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ երեք նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել մայիսյան եռատոնի կապակցությամբ։
«Փառաբանենք պատմական հաղթանակները, ապրենք հանուն նոր հաղթանակների։ Շնորհավոր Մայիսի 9–ը»,–գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ արժանապատիվ խաղաղություն կարող է լինել միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում:
«Հաղթանակից հետո խաղաղության բերկրանքը միայն այդ ժամանակ կարող ենք ազգովի վայելել:Փա՛ռք հանուն հայրենիքի նահատակված քաջորդիներին: Հաջողությո՛ւն հանուն հաղթանակի և խաղաղության աննահանջ պայքարի ելած հայրենանվեր մեր զավակներին»,–նշել է Սարգսյանը:
Իր հերթին ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շեշտել է, որ պետք է հիշել բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ:
«Նրանք բոլորը համոզված էին, որ ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, որ դրանք ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ, շատ հաճախ՝ կյանքի ու առողջության գնով»,–նշել է նա։
Սարգսյանի խոսքով` մենք պարտավոր ենք հաղթել: Իսկ հաղթանակի երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր նպատակասլացությունը և կարգապահությունը:
Հիշեցնենք` 1992թ–ի մայիսի 8-ի գիշերը, հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ: