«Դիմադրություն» շարժման ավտոերթը հասավ Գյումրի. հանրահավաքը մեկնարկել է

Կուսակցության մամուլի քարտուղարի խոսքով՝ գերիների հարազատներին մանիպուլացնելով էին բերել ճանապարհ փակելու, սակայն հետո նրանք դուրս եկան բողոքի ակցիայի մասնակիցների շարքերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ «Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցներն արդեն Գյումրիում են։ Քաղաքի Թատերական հրապարակում արդեն մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Նշենք, որ ժամը 13։00-ին նախատեսված հանրահավաքն ավելի ուշ է սկսվել, քանի որ Հոռոմ գյուղի մոտ մի խումբ քաղաքացիներ փակել էին ընդդիմության ճանապարհը։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ մանրամասներ է հայտնել Գյումրիի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին։ Ճանապարհ փակողները ներկայանում էին որպես գերիների հարազատներ և դժգոհում, թե սահմանին կռվելու փոխարեն ինչու են ընդդիմադիրները Շիրակ եկել։ Նրանք նաև բողոքում էին, թե ապրիլի 24-ին թուրքական դրոշը վառելու պատճառով իրենց զավակներին չկարողացան վերադարձնել գերությունից։
Վազգեն Սաղաթելյանի խոսքով՝ ճանապարհ փակողների թիվը մեծ չէր՝ մոտ 20-30 հոգի։ Սկզբում ճամփան փակող քաղաքացիների թվում նաև գերիների հարազատներ կային։
«Նրանց մանիպուլյացիայի շնորհիվ բերել էին այստեղ, ես ինքս խոսեցի երեքի հետ, իրենք ունեն պահանջներ, և մենք հստակ ասացինք, որ իրենց պահանջատեր լինելը մեր հասցեով չպետք է լինի, իրենք պետք է պահանջեն Նիկոլ Փաշինյանից»,- նշեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ գերիների հարազատները հասկացան իրենց, դուրս եկան ճանապարհ փակողների շարքից, մնացին «Նիկոլ, վարչապետ» գոռացողները։
«Գերիների հարազատներն ասացին, որ իրենց պահանջը չպետք է քաղաքականացվի։ Իրենք սա օգտագործեցին որպես ևս մեկ հարթակ իրենց բողոքի մասին բարձրաձայնելու համար»,- նշեց Սաղաթելյանը։
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Գյումրիում
Ճանապարհին կատարվածի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Երևան-Շիրակ մայրուղու վրա մի քանի սադրիչներ հրմշտոց հրահրեցին։ Մամիջանյանի տեղեկություններով՝ նրանք Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ էին։
«Գերիների հարազատներով պաշտպանվել ու ազգը բաժանել․ սա է քո ձեռագիրը»,- գրել է Մամիջանյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթ կունենա դեպի Գյումրի։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։