Ադրբեջանի սողացող ագրեսիան Սյունիքում․ ինչի՞ մասին են խոսում արբանյակային կադրերը

Գարնան սկզբին մեդիադաշտում տեղեկություններ հայտնվեցին Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացման մասին։ Գյուղի բնակիչները ադրբեջանական ԶՈւ-ի առաջխաղացման մասին պատմեցին մարտի կեսերին, պնդելով, որ դիրքերը նոր են։
Sputnik
ԶԼՄ-ներում բարձրացած աղմուկից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարեցին, որ ադրբեջանցի զինվորականները «ընդամենը վերադարձել են այն դիրքեր», որոնք արդեն զբաղեցրել էին 2021 թվականին։
Ընդ որում, 2021թ.-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ այդ տարածքում գտնվելու մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չէին հրապարակել ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ էլ որևէ այլ գերատեսչություն։ Փոխարենը արդեն մարտ-ապրիլ ամիսների ադրբեջանական ԶՈւ-ն ճանապարհ անցկացրեց դեպի այդ դիրքեր, ինչը լավ երևում է արբանյակից արված կադրերում։
Պարզվում է՝ դա առաջխաղացման միակ շրջանը չէ։ Գյուղի բնակիչները Sputnik Արմենիային հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը դեռևս մոտ մեկ տարի առաջ Հայաստանի տարածքում առաջ է շարժվել ավելի հարավ ընկնող Վարդասար կոչվող բարձունքի հատվածում։
Բացի այդ, ապրիլին ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի տեղակայման ինտերակտիվ քարտեզ էր հրապարակել, որտեղ երևում է, որ Ներքին Հանդ գյուղի մերձակայքից բացի դիրքեր են տեղակայված նաև Ծավ գյուղից դեպի հարավ։
Պաշտպանության նախարարությունում Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտարարեցին, որ «Ծավ գյուղին կից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան և չեն եղել»։
Պաշտպանական գերատեսչությունում պարզաբանում տրամադրեցին նաև Ադրբեջանի ԶՈւ-ի հնարավոր ներխուժման մյուս ուղղությունների վերաբերյալ։
«Բացի Հայաստանի տարածք ներխուժելու նախկին դեպքերից, այլ դեպքեր չեն արձանագրվել»,-պատասխանեցին ՊՆ-ից։
Այնուամենայնիվ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր միանգամից երեք ռազմավարական բարձունքների՝ «Բարթազ», «Սըղըրթ» և «Շուքյուրաթազ» բարձունքների «ազատագրման» մասին:
2021 թվականի մարտին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ Իլհամ Մեհթիևը հայտարարել էր, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Հայաստանի հետ սահմանին կատաղի մարտերի արդյունքում ազատագրվել են Բարթազ և Շուքյուրաթազ ռազմավարական բարձունքները»։
Sputnik Արմենիան պարզել է, որ «Շուքյուրաթազ»-ը խորհրդային շրջանի սահմանին գտնվող Վարդասար լեռան ադրբեջանական անվանումն է։
Ինժեներական աշխատանքներ Սյունիքի Վարդասար գյուղի շրջակայքում
Վերևում հրապարակված արբանյակային (Sentinel-2) լուսանկարներում դիրքերը չեն երևում, սակայն կարելի է նկատել ինժեներական աշխատանքները՝ ճանապարհի շինարարությունը (պատերազմից հետո), որը Բաքվի վերահսկողության տակ գտնվող Քաշաթաղի շրջանից տանում է դեպի ՀՀ Սյունիքի մարզ։
Համեմատական վերլուծություն կատարելիս պարզվում է, որ Վարդասար բարձունքի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի/սահմանապահների դիրքերը համընկնում են Ներքին Հանդ և Ծավ գյուղերից դեպի հարավ ՀՀ տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման վերաբերյալ Թաթոյանի նշած շրջանին։
Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը Արման Թաթոյանի քարտեզում
Հազիվ թե կարելի է ենթադրել, որ ճանապարհները տանում են ոչ թե դիրքեր, այլ որևէ այլ տեղ։ Առաջխաղացման վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ հայկական բնակավայրերը Ադրբեջանի այդ հատվածից ավելի հեռու են տեղակայված։
Քիչ ավելի հարավ՝ խորհրդային ժամանակների սահմանի երկայնքով է գտնվում Ալիևի նշած երկրորդ բարձունքը՝ «Բարթազը» կամ «Բարդութաղը»։ Իրանի սահմանին է՛լ ավելի մոտ, խորհրդային հայ-ադրբեջանական սահմանին է գտնվում հիշատակված երրորդ բարձունքը՝ «Սըղըրթը»։
Հատկանշական է, որ պատերազմից մի քանի օր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ին, Ռուսաստանի ԱԴԾ-ն հաղորդել էր, որ ԱԴԾ սահմանապահ վարչության բազայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում տեղակայված է 5 սահմանային դիտակետ, որոնցից մեկը «Սըղըրթ»-ն է։
Այդ բարձունքին է հարում Արցախի Քաշաթաղի շրջանում գտնվող Թոնդրակի ոսկու հանքավայրը, որը պատերազմից հետո հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։
Թոնդրակի (ադրբեջաներեն տարբերակով՝ «Վեժնալի»), ինչպես և մյուս հանքավայրերի մշակման իրավունքը Ադրբեջանը դեռևս 90-ականների վերջին վաճառել է բրիտանական Anglo Asian Mining Plc ընկերությանը (որը, ըստ ԶԼՄ-ների, կապ ունի Ադրբեջանի իշխանությունների հետ)։
2021 թվականի դեկտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունից թույլտվություն է ստացել «մուտք գործել օկուպացիայից ազատագրված Զանգելանի շրջան՝ ոսկու, արծաթի և պղնձի հանքավայրերի շահագործման համար»:
Ամենայն հավանականությամբ, հենց այս վերջին բարձունքի նկատմամբ վերահսկողությունը պետք է ապահովի հանքավայրի մշակման աշխատանքների անվտանգությունը։
Հետևեք մեր թղթակցի հոդվածներին հեղինակային Telegram-ալիքում։