«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից Երևանում միանգամից չորս ուղղություններով երթ սկսեցին։
Առաջինը երթը սկսեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Նրանք Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Կորյունի և Աբովյան փողոցներ, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանն իր համախոհների հետ գնաց Սայաթ-Նովա պողոտայով։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը և նրանց համախոհները Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Ամիրյան փողոց, իսկ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի հետ երթը սկսեց Բաղրամյան պողոտայից՝ շարժվելով դեպի Ամիրյան փողոց։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։