ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծելու շուրջ կան հարցեր, որոնց պատասխանը դեռ հայկական կողմը չի գտել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծելու քննարկումներն ինտենսիվ կերպով շարունակվում են։ Մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ լուծումներ գտնել և առաջ շարժվել»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` քննարկումները մոտեցումների, աշխատանքային խմբի շուրջ են։ Հենց գտնեն հայկական կողմին հուզող հարցերի պատասխանները, հանձնաժողովի ստեղծման հետ կապված հանդիպում կլինի։
Հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում կայանա, Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հարցով նույնպես քննարկումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարությունը դեռ ապրիլի 25-ին հայտնել է, որ, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որ կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ, և որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։