Գրիգորյանը դատապարտում է Սպանդարյանի անվան դպրոցում աշակերտի նկատմամբ բռնության դեպքը

Քրիստինե Գրիգորյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` բռնությունը ոչ մի կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեսանյութին, որում ուսուցիչը հարվածում է աշակերտին։

«Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է, և որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ»,– նշված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն, և այս մասով պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից։
Ըստ ՄԻՊ–ի` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է համակարգային միջոցառումներ իրականացնի թե՛ մանկավարժների ու վարչական աշխատողների՝ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու, թե՛ երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպում ամրապնդելու համար։
Նշենք, որ տեսագրությունը համացանցում է հայտնվել այսօր։ ԿԳՄՍՆ–ն դեպքի առնչությամբ պարզաբանում է տարածել` խստորեն դատապարտելով հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում։