Մտածել են` կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին. Կոչուբաևին բերման չե՞ն ենթարկել

Կոչուբաևը բերման ենթարկվելուց և ազատ արձակվելուց հետո գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` մանրամասներ հայտնելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որը բերման էր ենթարկվել ոստիկանություն, ազատ է արձակվել։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են փաստաբանին բերման ենթարկում` նրան բռնի ուժով ոստիկանական մեքենան նստեցնելով։ Սակայն, պարզվում է, որ նա ինքն է «ուզել» ոստիկանության բաժանմունք գնալ։
«Դուրս եկա ոստիկանությունից, հրաժարվել են փաստաթղթավորել՝ պատճառաբանելով, որ ինձ բերման չեն ենթարկել, այլ մտածել են, որ ես կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին, տարել են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոչուբաևը։
Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում ոստիկանների հոծ խմբի մեջ անգամ չի երևում, և գրել է, թե հենց այդպես էլ նրան «համոզում են, որ գնա բաժին»։
Կոչուբաևը կոչ է անում չընկճվել և առաջ շարժվել։
Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։