ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանության համար բնակիչները համատիրություններին վճարում են որոշակի գումար։ Որքան գումար է հավաքվում ու ինչի համար է այն ծախսվում, բնակիչները չեն էլ իմանում, չնայած նրան, որ համատիրությունների մասին օրենքը համատիրության ղեկավարին պարտադրում է ամեն ամիս բնակիչներին հաշվետվություն ներկայացնել ֆինանսական հոսքերի մասին։
Առկա իրավիճակը շտկելու համար Երևանի քաղաքապետարանը որոշել է համատիրություններում ներդնել համատիրությունների կառավարման էլեկտրոնային համակարգ։ Հայտնում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջը։
«Որպեսզի ավելի թափանցիկ լինի գումարների ելքն ու մուտքը, Երևանի քաղաքապետը հանձնարարել է մշակել էլեկտրոնային կառավարման համակարգ, որն առաջիկայում կմատուցվի մեր բնակիչներին, որպեսզի համատիրությունների կողմից իրականացվող բոլոր վճարումներն ու ծախսերն ավելի թափանցիկ ու տեսանելի լինեն բոլոր բնակիչների համար»,– մեկնաբանելով քաղաքապետի հանձնարարականը` ասել է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։
Նոր համակարգի ներդրման ժամկետներ առայժմ չեն նշվում, բայց քաղաքապետարանը վստահեցնում է, որ դրա արդյունքում համատիրությունների աշխատանքն ավելի արդյունավետ կդառնա։