Դոնեցկում ահաբեկչական ակտ են իրականացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ

Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժել է խաղաղ բնակիչ։ Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ ԴԺՀ պետանվտանգության նախարարությունը հայտնել է պաշտպանության նախկին նախարար Վլադիմիր Կոնոնովի դեմ ահաբեկչության փորձի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր՝ փետրվարի 22 - ին, ժամը 16.32-ին, ահաբեկչական գործողություն է իրականացվել ԴԺՀ պաշտպանության նախկին նախարար Վլադիմիր Կոնոնովի նկատմամբ», - ասվում է պետանվտանգության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրերն են ստորագրել, ապա դիմել են ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։