ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik․ Հարձակման ենթարկված, դանակահարված և հիվանդանոցում հայտնված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը այսօր մասնակցում է ավագանու նիստին։ Անտոնյանը նշեց, որ «վերածնվել է Աստծո կամոք»։
«Ինձ վերածնեցին հրաշքով։ Շնորհակալ եմ բժշկական անձնակազմին` հանձին Աբովյանի ԲԿ ընդհանուր վիրաբույժ Սերժ Խաչատուրյանի և Երևանի Միքայելյանի անվ. հիվանդանոցի ընդհանուր և կրծքային վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանի», – ասաց Անտոնյանը։
Նա իր խոսքում նշեց, որ վստահ է, որ իր վրա հարձակվել են ավագանում տարվող գործունեության համար։
«Երևանի ավագանու անդամի հանդեպ մահափորձը, մանավանդ իր մասնագիտական գործունեության համար, համայնքի և պետության շահերը պահելու համար, ուղիղ ոտնձգություն է պետության և համայնքի դեմ։ Ես բազմիցս բարձրաձայնել եմ, որ Երևանի քաղքապետարանում մինչ օրս դեռ շարունակվում է համայնքային միջոցների վատնումը։ Ես կամ պետք է աչք փակեի, կամ պետք է խոսեի դրա մասին։ Վերջինս արել էի մահափորձիցս երկու օր առաջ», – ասաց նա։
Անտոնյանը վստահեցրեց, որ այն մարդիկ, որոնք առաջացնում են «այդ խնիդրները», դեռևս շարունակում են աշխատել Երևանի ավագանիում։ Ավագանու անդամը կոչ արեց իր գործընկերներին մտածել քաղաքապետարանում առկա խնդիրների մասին։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի` Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի ենթարկել և դանակահարել նրան։