Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ

ՀՀ վարչապետի խոսքով`պետք է հաղթահարել մարտահրավերները, ամրացնել պետականության հիմքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
Պետք է հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը. Արմեն Սարգսյան
Փաշինյանը նշել է, որ պետության ու ժողովրդի համար պատմական այդ փաստաթուղթը, որն ընդունվեց Գերագույն խորհրդի կողմից, հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի անկոտրում կամքի վրա:
«Անցած երեք տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազում փորձությունների միջով, ունեցել ենք հաջողություններ, նաև դժվարություններ ու ձախողումներ: Ու կարևոր է ընդգծել, որ ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է, և այդ կամքը պիտի արտահայտվի պետությունը և պետական ինստիտուտները կայացնելու, ուժեղացնելու մեր ամենօրյա աշխատանքում»,– գրել է նա:
Նրա խոսքով` լինելով անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչ, պետք է հաղթահարել մարտահրավերները, ամրացնել պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային հեղինակությունը, ինչպես նաև մեծացնել ներդրումային գրավչությունը։
Նշենք, որ այսօր`ավելի վաղ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս շնորհավորական ուղերձ էր հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ։
Հիշեցնենք` հռչակագրում նշվում է, որ զարգացնելով անկախ Հայաստանի ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: