ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են գերիների վերադարձման թեման

Դատախազները պայմանավորվել են աշխատանքային կարգով ռուսական կողմի միջնորդական ջանքերով շարունակել պարբերական շփումները բարձրացված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանն ու Իգոր Կրասնովը  Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձման հարցին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք կատարումը և հումանիտար բնույթի խնդիրների լուծումը կարող են բավարար երաշխիք դառնալ տարածաշրջանում խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում արդյունավետ և անվտանգ համագործակցության համար:

Ո՞ր դեպքում Ադրբեջանը կվերադարձնի հայ գերիներին. Լարիսա Ալավերդյանի դիտարկումները

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով ռուսական կողմի միջնորդական ջանքերով շարունակել պարբերական շփումները բարձրացված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ:

Արթուր Դավթյանն ընդգծել է Արցախյան պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների լուծման, ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած և զոհված զինծառայողներին հայտնաբերելու, նրանց վերաբերյալ տվյալների ճշգրտման գործընթացում ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ Իգոր Կրասնովի շահագրգիռ և սրտացավ ներգրավվածությունը:

«Գլխավոր դատախազներն անդրադարձել են ՀՀ տարածքում սահմանապահ, իսկ Արցախի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող ռուսական զինվորական անձնակազմերի քրեաիրավական պաշտպանության շրջանակում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության և քննչական մարմնի աշխատակիցների և Հայաստանի, Արցախի իրավապահ մարմինների միջև գործակցության մեխանիզմներին, հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի բացառման կամ տեղի ունեցած նման դեպքերի օպերատիվ արձանագրման և արձագանքման  կապակցությամբ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մուրադովը կգա Հայաստան. ինչ է քննարկվել Մոսկվայում գերիների վերադարձի վերաբերյալ. ԶԼՄ

Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների 2021-2025թթ. համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ հուշագիր: Դրանք են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունները, ահաբեկչությունը և ծայրահեղականությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, արտերկրից ակտիվների վերադարձը, զենքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, կոռուպցիան, նացիզմի, նեոնացիզմի հերոսացման դեմ պայքարը և այլն:

«Դատական գործերս ավարտվեն, կգամ». ինչ է պատմել ընտանիքին Բաքվում պահվող լիբանանահայ գերին

Նշենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս տարի արդեն երրորդ անգամ էր հանդիպում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։