Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի հարցը լուծվեց. Պապիկյանն այս անգամ գոհացրեց վարչապետին

Բացի պուրակից Տավուշի մարզում նախատեսվում է իրականացնել ևս շուրջ 200 մլլն դրամի շինարարական աշխտանքներ` 2020 թ.-ի հուլիսին Ադրբեջանի կողմից հրետակոծությունների հետևանքները վերացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրում պուրակի կառուցման համար կառավարությունը հատկացրել է 42 մլն 813 հազար 200 դրամ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։

«Նշեմ, որ սա վերաբերում է կառավարության նախորդ, կամ դրան նախորդած նիստում բարձրացված հարցին` Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքներին»,– հիշեցրեց Պապիկյանը։

Պապիկյանը նաև հայտնեց, թե ինչու էր ուշացել պուրակի կառուցումը, ինչն էլ զայրացրել էր վարչապետին։

«Իհարկե, նախագծման ու շինարարական աշխտանքները հիմնականում տեղի են ունեցել մարզպետարանի ու Քաղաքաշինության կոմիտեի կողմից, բայց կան մի քանի պարզաբանման ենթակա հարցեր, որոնք բարձրացրի նախորդ անգամ։ Խնդիրը վերաբերում է նրան, որ սեպտեմբերին մեր այցից հետո սկսվել էին նախագծման աշխատանքներ, քանի որ որոշում ընդունվեց ընդլայնել պուրակը, նոր մակերես ավելացնել, և հայտնի իրադարձությունների պատճառով մենք հոկտեմբերին չենք կարողացել ֆինանսական միջոցներ տրամադրել»,– ասաց Պապիկյանը։

Բացի պուրակից, Տավուշի մարզում նախատեսվում է իրականացնել ևս շուրջ 200 մլն դրամի շինարարական աշխատանքներ` 2020 թ.-ի հուլիսին Ադրբեջանի կողմից հրետակոծությունների հետևանքները վերացնելու համար։

Ինչպես Վլադիմիր Պուտինը հայտնվեց Վանաձորի մանկական խաղահրապարակում

Դրանից 161 652 000 դրամը հատկացվելու է Այգեպար գյուղի բնակելի տների կառուցման, 42 813 200–ը` Չինարիում տան կառուցման աշխատանքներն ավարտելու համար։

Հիշեցնենք` Կառավարության փետրվարի 18-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարկացրեց այն, որ սահմանամերձ Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակի կառուցման հարցը չի լուծվել։

Դեռ նախորդ տարի` 2020-ի սեպտեմբերի 7-ին, Փաշինյանն այցելել էր Ներքին Կարմիրաղբյուր, հետո Facebook–ի իր էջում գրառում էր արել, թե գյուղում կկառուցվի նաև «Մայրիկ» անունը կրող մանկական պուրակ-խաղահրապարակ, որի նախագիծն արդեն պատրաստ է:

«Գնացել, մարդկանց խոստացել ենք ու պարզվում է` մինչև հիմա արված չի՞»,–կառավարության նիստում զայրացավ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, ի պատասխան նախարարը նշեց, որ կպարզի և կզեկուցի։ Վարչապետին, սակայն, չգոհացրեց Պապիկյանի պատասխանը։

«Պետք չի պարզել և զեկուցել, պետք է գնալ, լուծել հարցը և զեկուցել, որ արված է ամեն ինչ»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի` Ներքին Կարմիրաղբյուր այցի ժամանակ Փաշինյանը հայտնել էր նաև, որ գյուղում նաև հյուրատուն կգործի։

«Չկա տենց բան, սուտ եք ասում». պաշտոնյայի հայտարարությունը զայրացրեց պատգամավորին