ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցում հերքել է հայտարարություններն այն մասին, որ մինչև 2018թ-ը հայկական բանակը մարտունակ չէր, սպառազինություն չուներ:
«Բա եթե մենք բանակ չունեին, ինչպե՞ս պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի: Բա եթե մենք ընդհանրապես բանակ չունեինք, ոչ մի բան չունեինք, ինչո՞ւ մինչև հիմա Ադրբեջանը բան չէր անում»,- ասաց Սարգսյանը՝ բանակի մասին վերոհիշյալ հայտարարությունները «տխմար թեզ» որակելով:
Իրականությունը, երրորդ նախագահի խոսքով, այն է, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից շատ ու Ադրբեջանից ավելի ժամանակակից զինատեսակներ չի ունեցել: Բայց դա, նրա դիտարկմամբ, Հայաստանին չի խանգարել 1992 և 2016թթ-ին հաղթել Ադրբեջանին:
«Որովհետև խնդրով զբաղվել են գիտակ մարդիկ և նրանք, ովքեր անմնացորդ նվիրված են եղել այդ գործին»,- ասաց նա:
Սարգսյանը նաև հայտնեց, որ 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո իշխանությունը հետաքննություն է անցկացրել, ուսումնասիրել հակառակորդի կիրառած միջոցներն ու պլանավորել 1 մլրդ 300 մլն դոլարի սպառազինություն ձեռք բերել 2018-24թթ-ին պետական բյուջեի ու վարկային միջոցների հաշվին:
Այդ գումարից ավելի քան 500 մլն-ը, նրա խոսքով, նախատեսված է եղել ավիացիայի, ՀՕՊ և ԱԹՍ-ներ ձեռք բերելու համար:
«Մի թիվ ասեմ, զգույշ, աթոռից չընկնեք. մինչև 2020թ-ը նախատեսված էր ձեռք բերել 2500 ԱԹՍ-ներ՝ և՛ ներսից, և՛ դրսից: 2018-219 թթ-ի համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով` այդ գործարքներն այդպես էլ չիրականացվեցին, քանի որ ՀՀ նոր իշխանությունը փոխեց այդ պլանը:
«Էս ի՞նչ շնորհք ա»․ Սերժ Սարգսյանը՝ իր և իր ընտանիքի դեմ հարուցված քրգործերի մասին