ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Վարչապետի միջնորդությամբ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու հրամանագիրը։
«Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:
Հիշեցնենք` օգոստոսի 14–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ուղղված չափազանց կարևոր միջնորդություն էր ստորագրել և այդ առիթով հեռախոսազրույց ունեցել նրա հետ։
«Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողի ներկայացրել եմ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման։ Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգեւատրման։ Քիչ առաջ նաև Սանամյանի հետ հանդիպելու պատիվ ունեցա»,–Facebook սոցցանցի իր էջում գրել էր Փաշինյանը։
19-ամյա Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Նրա խոսքով` սա գնահատանքի իրապես արժանի տուրք է տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, ինչպես նաև հին ու նոր ժամանակների մեր բոլոր հերոսներին, մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց օրինակով ոգեշնչեցին մեր նորօրյա հերոսներին, ում կողքին ապրելու պատիվն ենք վայելում այսօր։
Ի դեպ, Սանամյանը 2012-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Իսկ 2016-ին սեպտեմբերի 25-ին Դիլիջանի քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ նրան շնորհվել էր «Երախտագիտության» մրցանակը։ Նա նաև «Մարշալ Բաղրամյան» մեդալով է պարգևատրվել։