ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գոռ Գարեգինյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայք էջը։
Ինչպես արդեն հաղորդել էինք, փետրվարի 6-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը: