Վայելիր ու մնա նիհար․ 3 դիետիկ քաղցրավենիք, որոնք չեն գիրացնի ձեզ

Քաշի կորստի ունենալու համար մարդկանց թվում է, որ պետք է իսպառ հրաժարվեն քաղցրեղենից, սակայն միշտ չէ, որ այդպես է։ Առաջարկում ենք խնդրի լուծման երեք տարբերակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայաստանում տարեցտարի առողջ ապրելակերպի հետևորդները շատանում են։ Նրանք ցանկանում են լինել ոչ միայն առողջ, այլև բարեկազմ, ուստի ձգտում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Sputnik Արմենիան իր ընթերցողին է ներկայացնում դիետիկ քաղցրավենիքի 3  բաղադրատոմս, որոնց միջոցով կարող եք ոչ միայն առողջ սնվել, այլև չգիրանալ՝ հագեցնելով  քաղցրի պահանջը։

Վերանայում ենք հացի մասին մեր իմացածը. շվեդ դիետոլոգը նոր բաներ է ասում

Ճանաչված սննդաբան Լիլիթ Բասյանը առաջարկում է պատրաստել դիետիկ տորթ` «Թռչնի կաթ»։

Բաղադրությունը. 4 ձվի սպիտակուց, 3 ճաշի գդալ կակաո, 2 բաժակ կաթ (0.5%), 40 գրամ ժելատին, 3 թեյի գդալ մեղր։ Բասյանի խոսքով`ժելատինը պետք է թրջել 2 բաժակի մեջ` 20-ական գրամ։ Այնուհետև եփել կակաոն, խառնել կաթին և միասին եփել ևս 5 րոպե։

Որից հետո տաքացնել առաջին բաժակի ժելատինը, բայց չթողնել, որ եռա։ Պատրաստի զանգվածին ավելացնել կակաոյի կեսը և դնել սառնարանում մինչև սառչի։

Այնուհետև հարել 4 ձվի սպիտակուցը, ավելացնել մեղրը։ Ժելատինի երկրորդ մասը տաքացնել, դանդաղ ավելացնել  սպիտակուցին և նորից հարել։ Որից հետո սառնարանից հանել տորթի առաջին շերտը, վրան լցնել զանգվածն ու  նորից դնել սառնարանը։

Սպիտակուցային հատվածի սառչելուց հետո, ավելացնել մնացած կակաոն և նորից դնել սառնարանը։ 1.5 ժամ հետո տորթը պատրաստ է։

Հաջորդ բաղադրատոմսը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին, կոչվում է վարսակով կոնֆետ։

Եթե քաղցրակեր եք, բայց մտածում եք ձեր առողջության ու կազմվածքի մասին, այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է: Այս կարծիքին է սննդաբան Հեղնար Շելունցը։ Պատրաստելու ընթացքը կտևի ընդամենը 10 րոպե։

Ինչպես ճիշտ պատրաստել խորովածը. դիետոլոգի խորհուրդները

Անհրաժեշտ է՝ 1.5 բաժակ վարսակ, 1/4 բաժակ կակաո, 1/2 բաժակ գետնանուշ (կամ ցանկացած այլ ընդեղեն), 1/2 բաժակ գետնանուշի կարագ, կոկոսի յուղ կամ կարագ` 1/4 բաժակ, վանիլի էքստրակտ 1/2 թ/գ, օշարակ(գետնախնձորի) 1/2 բաժակ կամ մեղր 1/3 բաժակ, աղ 1/4 թ/գ,կոկոսի փաթիլ (ըստ ցանկության):

Պատրաստման համար սկզբում խառնել չոր բաղադրիչները, հետո ավելացնել մյուս բոլորը: Ձեռքով ստանալ գնդիկներ (կամ ինչ կցանկանաք) ու տեղափոխել սառնարանում: Կարող եք վայելել սուրճի կամ թեյի հետ, ցանկալի է մինչև ժամը 13․00-ն։

Երրորդ բաղադրատոմսը, որը ներկայացնում ենք, համեղ ու առողջարար շոկոլադե մաֆիններն են, որը կրկին առաջարկում է սննդաբան Հեղնար Շելունցը։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 1 բաժակ ալյուր, 1 թ/գ փխրեցուցիչ, 1 թ/գ դարչին, աղ`1/3 թ/գ, 1 հատ հասած բանան, 1/4 բաժակ օշարակ ,1/2 բաժակ կաթ, վանիլի էքստրակտ 1 թ/գ,  խնձորի պյուրե կամ գետնանուշի կարագ 3 ճ/գ,դառը շոկոլադ 2/3 բաժակ։

Պատրաստման համար առանձին խառնել չոր ու թաց բաղադրիչները: Վերջում ավելացնել շոկոլադը: Տեղափոխել  ֆորմայի մեջ ու թխել 170с տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:

Նշենք, որ մեր ներկայացրած սննդաբանների սոցցանցային էջերում կարող եք գտնել մի շարք բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեզ առողջ սնվել և ազատվել ավելորդ կիլոգրամներից։