«Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտային». Թրամփը փչացրել է 7–ամյա երեխայի սուրբծննդյան հեքիաթը

Երեխաներ ԱՄՆ տարբեր նահանգներից Սուրբ ծննդյան տոնին զանգահարել են Սպիտակ տուն նախագահ Թրամփի և 1–ին տիկնոջ հետ զրուցելու համար։ Նրանք, իհարկե, քննադատության չէին սպասում, բայց լսել են նաև դա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 Դեկտեմբեր — Sputnik. Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է 7–ամյա տղային։

Նախագահն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են «NORAD-ը հետևում է Սանտային» ակցիային: Ակցիայի ընթացքում տարբեր մեդիաալիքներով, սոցցանցերում և հատուկ կայքում հաղորդվում է հորինված երթուղու մասին, որով Սանտա Կլաուսը գալիս է Հյուսիսային բևեռից, գրում է The Daily Beast-ը:

Ակցիային մասնակցում են բազմաթիվ կամավորներ, որոնք ընդունում են երեխաներից ստացված հեռախոսազանգեր: Զանգերի մի մասը միացվել է նաև Սպիտակ տուն, որտեղ նրանց պատասխանել են անձամբ նախագահն ու առաջին տիկինը:

«Ալո, Քո՞լման, շնորհավոր Սուրբ ծնունդ: Ինչպե՞ս են գործերդ... Դպրոցում ամեն ինչ լա՞վ է։ Ինչպե՞ս, դու դեռ հավատո՞ւմ ես Սանտային: Յոթ տարեկանում արդեն նրա գոյությանը չեն հավատում »,- ասել է Թրամփը՝ չկարողանալով զսպել իր զարմանքը, որ 7-ամյա Քոլմանը դեռ հավատում է Սանտայի գոյությանը:

Իսկ 7–ամյա երեխան շատ է զարմացել Թրամփի ասածից:

Սուրբ ծնունդին երեխաների զանգերին պատասխանելու ավանդույթը գործում է 1955 թվականից։