Գյումրին զարգացնել սեփական օրինակով. Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ երկօրյա այցով Շիրակում էր

Գյումրիում ՀՀ նախագահը հիշել է երկրաշարժի սարսափելի օրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. «Գյումրի գալու համար պետք չէ հատուկ օր՝ ուրախ կամ տխուր: Գյումրին գեղեցիկ քաղաք է, շատ ավելի գեղեցիկ իր պատմական հուշարձաններով, քան Թբիլիսին։ Գյումրին նաև բնավորություն ունի, բայց հայերն ավելի շատ այցելում են Թբիլիսի: Ես իմ ընտանիքի օրինակով պետք է ցույց տամ, որ Գյումրին  ավելի լավն է։ Այսուհետ ավելի հաճախ եմ լինելու Գյումրիում»։ Այս մասին Շիրակի մարզի լրագրողների հետ ունեցած ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահը 6 000 000 դրամ է նվիրաբերել կույրերի Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկությանը

Հետո ՀՀ նախագահը հիշեց 30 տարի առաջ  տեղի ունեցած ողբերգությունը:

«2 օրից 30-րդ անգամ կրկին հիշելու ենք Գյումրիում տեղի ունեցած մեծ աղետը, որը ես ևս վերապրել եմ: Այդ օրերին այստեղ եմ եղել իմ գործընկերների և ուսանողների հետ: Իհարկե, ինչ տեսանք սարսափելի էր: Ամեն օր ցավը խորանում էր, քանի որ ամեն օր հասկանում էիր ողբերգության չափը: Անելանելիության զգացողությունը շատ ուժեղ էր: Բայց աննախադեպ էր նաև օգնության ծավալներն ու օգնության հասած երկրների թիվը: 1996 թվականին ևս, երբ  ՀՀ վարչապետ էի, եկա Գյումրի։ Ինձ  թվում էր` Գյումրիում հազարավոր մարդիկ պետք է բողոքի ցույց անեին, բայց ավելի ազդեցիկ բան տեղի ունեցավ. մարդիկ ինձ գրկաբաց ընդունեցին՝ ցույց տալով իրենց արժանապատվությունը: Այս ժողովուրդը արժանապատիվ էր ու արժանապատիվ է այսօր:  Իհարկե, շատ բան կատարվել է այս ընթացքում` և՛  տներ են կառուցվել, և՛ փողոցներ են վերականգնվել: Շնորհակալական խոսք պետք է հնչի բոլոր կառույցներին, բայց բոլորս պետք է հասկանաք, որ խնդիրը միայն տուն ունենալու մեջ  չէ՝  մարդիկ այսօր ունեն հսկայական խնդիրներ: Եթե նույնիսկ կախարդական փայտիկով վաղը տնակում բոլոր ապրողներին բնակարան տրվի, խնդիրները դրանով չեն վերանա»,- նշեց ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահը լրագրողներին խոստացավ կրկին հանդիպել, այս անգամ արդեն առանց տեսախցիկների, որպեսզի ծանոթանա լրագրողների՝ Գյումրին զարգացնելու առաջարկներին։