ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. «Գյումրի գալու համար պետք չէ հատուկ օր՝ ուրախ կամ տխուր: Գյումրին գեղեցիկ քաղաք է, շատ ավելի գեղեցիկ իր պատմական հուշարձաններով, քան Թբիլիսին։ Գյումրին նաև բնավորություն ունի, բայց հայերն ավելի շատ այցելում են Թբիլիսի: Ես իմ ընտանիքի օրինակով պետք է ցույց տամ, որ Գյումրին ավելի լավն է։ Այսուհետ ավելի հաճախ եմ լինելու Գյումրիում»։ Այս մասին Շիրակի մարզի լրագրողների հետ ունեցած ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Հետո ՀՀ նախագահը հիշեց 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը:
«2 օրից 30-րդ անգամ կրկին հիշելու ենք Գյումրիում տեղի ունեցած մեծ աղետը, որը ես ևս վերապրել եմ: Այդ օրերին այստեղ եմ եղել իմ գործընկերների և ուսանողների հետ: Իհարկե, ինչ տեսանք սարսափելի էր: Ամեն օր ցավը խորանում էր, քանի որ ամեն օր հասկանում էիր ողբերգության չափը: Անելանելիության զգացողությունը շատ ուժեղ էր: Բայց աննախադեպ էր նաև օգնության ծավալներն ու օգնության հասած երկրների թիվը: 1996 թվականին ևս, երբ ՀՀ վարչապետ էի, եկա Գյումրի։ Ինձ թվում էր` Գյումրիում հազարավոր մարդիկ պետք է բողոքի ցույց անեին, բայց ավելի ազդեցիկ բան տեղի ունեցավ. մարդիկ ինձ գրկաբաց ընդունեցին՝ ցույց տալով իրենց արժանապատվությունը: Այս ժողովուրդը արժանապատիվ էր ու արժանապատիվ է այսօր: Իհարկե, շատ բան կատարվել է այս ընթացքում` և՛ տներ են կառուցվել, և՛ փողոցներ են վերականգնվել: Շնորհակալական խոսք պետք է հնչի բոլոր կառույցներին, բայց բոլորս պետք է հասկանաք, որ խնդիրը միայն տուն ունենալու մեջ չէ՝ մարդիկ այսօր ունեն հսկայական խնդիրներ: Եթե նույնիսկ կախարդական փայտիկով վաղը տնակում բոլոր ապրողներին բնակարան տրվի, խնդիրները դրանով չեն վերանա»,- նշեց ՀՀ նախագահը:
ՀՀ նախագահը լրագրողներին խոստացավ կրկին հանդիպել, այս անգամ արդեն առանց տեսախցիկների, որպեսզի ծանոթանա լրագրողների՝ Գյումրին զարգացնելու առաջարկներին։