Սերժ Սարգսյանին 602 մլն դրամ արժեցող տուն է առաջարկվել Ավանում

Թանկարժեք տան կողքին Ռուբեն Հայրապետյանի տունն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը 3-րդ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է առաջարկել, որը գտնվում է Երևանի ծայրամասում՝ Ավան վարչական շրջանում: Այս մասին «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Սերժ Սարգսյանի թոռներն էլ են դիվանագիտական անձնագիր ունեցել. ցանկը հրապարակվեց

Նրա փոխանցմամբ՝ կառավարությունը Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, բնակարանի այս տարբերակն առաջարկել է սեպտեմբերի 26-ին: «Տրվել է հինգ օր ժամանակ, որպեսզի մեզ վերջնական պատասխան տան: Մենք նրան առաջարկել ենք առանձնատուն, որը գտնվում է բարվոք վիճակում: Կարծում եմ, որ պարոն Սարգսյանը որևէ հիմք չպետք է ունենա, որ հրաժարվի այդ առանձնատնից»,- ասել է Աղաջանյանը:

Սերժ Սարգսյանին առաջարկված առանձնատան արժեքը կազմում է 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարը համարժեք է 602 միլիոն ՀՀ դրամի: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պարբերականի հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել սակարկել առանձնատան արժեքը:

«Մեր բանակցությունների արդյունքում այն իջեցվել է և դարձել 950 հազար ԱՄՆ դոլար: Եթե համեմատենք այս բնակարանը Ռոբերտ Քոչարյանի բնակարանի հետ, ապա պարոն Քոչարյանի բնակարանն անհամեմատելի թանկ է: Եթե մենք պետգույքի հաշվեկշռում ունենայինք այլ տարբերակ, ապա անպայման կառաջարկեինք: Սա վերջնական առաջարկն է, և կսպասենք պարոն Սարգսյանի գրասենյակի պատասխանին»:

Սերժ Սարգսյանի համար նախատեսված առանձնատունը գտնվում է Ավան վարչական շրջանում: «Գտնվում է բավականին թանկարժեք առանձնատների թաղամասում»,- նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Ըստ Աղաջանյանի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի համար նախատեսված առանձնատան մոտակայքում գտնվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը:

Պարբերականը նշում է, որ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու հարցը մեծ դժվարությամբ է լուծվում: Պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանին առաջարկվում են տարբերակներ, որոնցից նա է հրաժարվում, ինչպես նաև նա է ցանկանում ստանալ ինչ-որ շինություններ, որոնց կառավարությունն է դեմ արտահայտվում: Ամռան ամիսներին Սերժ Սարգսյանը ցանկացել էր պետությունից ստանալ Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տունը, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել: Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տան հաշվեկշռային արժեքը կազմում է 907 մլն 817 հազար ՀՀ դրամ: Սա համարժեք է 2 միլիոն դոլարի: