Մենդելեևի աղյուսակում իր անունով տարր ունեցող հայ գիտնականը՝ նախարարին հյուր

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ մեծ պատիվ է լսել գիտության զարգացման վերաբերյալ Հովհանիսյանի խորհուրդները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհանիսյանին երեկ՝ հուլիսի 8-ին, ընդունել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳ նախարար Արայիկ Հարութունյանի ֆեյսբուքյան էջից:

«Այսօր Կրթության և գիտության նախարարությունում հյուրընկալել էինք աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհանիսյանին, ում անունն ամրագրված է Մենդելեևի աղյուսակում։ Աշխարհի ցանկացած պետության նախարարի համար մեծ պատիվ կլիներ լսել Հովհանիսյանի խորհուրդները գիտության զարգացման վերաբերյալ»,-գրել է նախարարն ու կիրառել «Գիտությունը վերադառնում է Հայաստան» հեշթեգը:

Ապագայի ատոմային էներգետիկայի հայ «կնքահայրը», կամ Մենդելեևի քիմիական աղյուսակում հայտնվածը

Հիշեցնենք, որ 2016թ.-ին Մենդելեևի աղյուսակի 115-րդ ու 118-րդ տարրերը ստացան «մոսկովիում»(Mc) ու «օգանեսոն» (Og) անունները՝ ի պատիվ Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի:

Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում: 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ։ 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։

Նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, թղթակից անդամ է, ակադեմիկոս, Սերբիայի Գիտության և գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ և ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: