Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Փաշինյանի անունից զանգել են ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ պատրաստ է աջակցել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների անցկացման հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի  – Sputnik. Ռուսաստանցի հայտնի պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) կատակել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ. զանգել են նրան և որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ներկայացել։ Այս մասին հայտնում է Vesti.ru–ն։

Զրույցի սկզբում Գրեմինգերը շնորհավորել է վարչապետին ընտրվելու կապակցությամբ։ «Փաշինյանը» շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար։

Գրեմինգերը Փաշինյանին աջակցություն է հայտնել Հայաստանի Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու հարցում։

Պրանկերները Փաշինյանի անունից չար կատակ են խաղացել Բրիտանիայի արտգործնախարարի գլխին

«Պարոն վարչապետ, ես ընդամենն ուզում եմ հավաստիացնել, որ ԵԱՀԿ-ն կսատարի ցանկացած բարեփոխում, որը մտադիր է իրականացնել Հայաստանը: Մասնավորապես, տեղեկանալով ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ձեր ծրագրերի մասին՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵԱՀԿ-ն, մասնավորապես Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակը, պատրաստ են աջակցել Ձեր այդ նախաձեռնությունը»,- ասել է Գրեմինգերը:

Նա հիշեցրել է, որ ԺՀՄԻԳ-ը Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրություններում դիտորդական առաքելության արդյունքներով որոշակի դիտարկումներ է արել, որոնք փոխանցվել էին ՀՀ իշխանություններին. Գրեմինգերը նկատել է, որ այդ նկատառումները կարող են օգտագործվել ԸՕ-ում փոփոխություններ անցկացնելու ժամանակ:

Պրանկերները հարցրել են Գրեմինգերին նաև Դոնբասի հակամարտության շրջանակում Մինսկի համաձայնագրերի մասին։

Ինքը Կուզնեցովը (Վովանը) գրել է, որ այս ամենը «դեռ վերջը չէ»։

Այնպես որ շուտով շարունակություն կլինի։

Ավելի վաղ պրանկերները կատակել էին նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորին Ջոնսոնի հետ։