Արցախցիների բնակապահովման ծրագիրը խթանում է բնակարանների գնաճն ու արտագաղթը․ Բեգլարյան

Բռնի տեղահանված արցախցիները. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Բեգլարյանի գնահատմամբ՝ բնակարանային խնդրի երկարաձգումը խոչընդոտում է արցախցիների սոցիալական ինտեգրմանը և Հայաստանում մշտական բնակություն հաստատելուն։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական ծրագրի հիմնական խնդիրը ոչ այնքան ֆինանսավորման ծավալն է, որքան ընտրված մոդելը, որը չի ապահովում բնակարանային կարիքների լիարժեք լուծումը, փոխարենը խթանում է երկրորդային շուկայում բնակարանների թանկացումն ու արտագաղթը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնեց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով` ծրագրի շահառուների ավելի քան 90%-ը բնակարան է ձեռք բերում երկրորդային շուկայից, մինչդեռ ընդամենը շուրջ 1%-ն է հավաստագիրն օգտագործել սեփական տան կառուցման համար։ Երկրորդային շուկայի վրա հիմնված մոդելը ոչ միայն չի նպաստում նոր բնակարանների կառուցմանը, այլև կարող է բացասական ժողովրդագրական հետևանքներ ունենալ։
«Արցախցին գալիս է, տունը գնում է գլխավորապես մարզային բնակավայրում, ապա, մարզերում աշխատատեղերի բացակայության պատճառով արտագաղթում է կամ լավագույն դեպքում գալիս Երևան»,– նշեց նա։
Նկատեց, որ նման գործարքներով նաև բնակարանային ֆոնդը չի թարմացվում, շինարարության ոլորտում լրացուցիչ տնտեսական ակտիվություն չի ստեղծվում, իսկ որոշ դեպքերում բնակարանի վաճառքից ստացված գումարը երկրից դուրս է գալիս արտագաղթող ընտանիքների հետ։
Բացի այդ, Բեգլարյանի գնահատմամբ, բնակապահովման ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվող` պետության կողմից ներգրաված շուրջ 2,2 մլրդ դոլարի ֆինանսական բեռը կարող է էապես մեծացնել պետական պարտքը՝ առանց համարժեք տնտեսական արդյունք ապահովելու։
«Էստեղ գլխավոր պրոբլեմը մոդելի պրոբլեմն է, թե ինչու սա չի գործում։ Էլ չասեմ հանրային հաղորդակցություն, իրազեկվածություն, վարչարարության թեթևացում, բանկերի հետ կապված խնդիրներ, որ մարդիկ ցանկանում են լրացուցիչ վարկ վերցնել, բայց մեծ դժվարություններ ունեն և այլն, և այլն. սրանք բոլորը խնդիրներ են»,– հավելեց նա։
«Էստեղ գլխավոր պրոբլեմը մոդելի պրոբլեմն է, թե ինչու սա չի գործում։ Էլ չասեմ հանրային հաղորդակցություն, իրազեկվածություն, վարչարարության թեթևացում, բանկերի հետ կապված խնդիրներ, որ մարդիկ ցանկանում են լրացուցիչ վարկ վերցնել, բայց մեծ դժվարություններ ունեն և այլն, և այլն. սրանք բոլորը խնդիրներ են»,– հավելեց նա։
Նախկին պետնախարարն հիշեցրեց, որ ծրագրի շրջանակում մեկ անձի հաշվով Երևանում նախատեսված է 3 մլն դրամ, մյուս բնակավայրերում՝ 4 մլն, իսկ սահմանամերձ բնակավայրերում՝ 5 մլն դրամ։ Անգամ առանձին համայնքներում.այդ գումարների բարձրացումը, ըստ նրա, չի լուծել խնդիրը, քանի որ դրան հաջորդել է երկրորդային շուկայում գների նոր աճ։
«Երբ վերլուծում էինք՝ մոտ երկու-երեք ամիս առաջ, ակնհայտ էր, որ ճնշող մեծամասնությունը, ովքեր իրացրել են, լրացուցիչ գումար են ներգրավել՝ վարկ են վերցրել կամ իրենց խնայողություններից են դրել, որն արդեն ցույց էր տալիս, որ գների խնդիր կա»,– նշեց Բեգլարյանը։
Բեգլարյանն առաջարկեց երկրորդային շուկայից բնակարանների գնումը խթանելու փոխարեն անցնել կենտրոնացված և զանգվածային կառուցապատման՝ պետության անմիջական մասնակցությամբ կամ աջակցությամբ։ Նրա համոզմամբ՝ դա թույլ կտա միաժամանակ ավելացնել բնակարանային ֆոնդը, ստեղծել տնտեսական ակտիվություն և զսպել գների արհեստական բարձրացումը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու են բազմաթիվ արցախցիներ նախընտրում բնակություն հաստատել Երևանում կամ մայրաքաղաքին հարակից բնակավայրերում, Բեգլարյանը նշեց.
«Միակ պատճառը զբաղվածությունն է, ուրիշ ոչ մի բան։ Էս մոդելի գլխավոր բացթողումներից մեկն այն է, որ որևէ կերպ կապված չէ զբաղվածության ծրագրերի հետ»։
Արցախի նախկին պետնախարարի կարծիքով` բնակարանային աջակցությունը կառավարությունը պետք է կապի աշխատատեղերի ստեղծման և կայուն եկամուտ ապահովելու հնարավորությունների հետ։ Հակառակ դեպքում, ըստ նրա, մարզերում բնակարան ձեռք բերելը դեռ չի նշանակում, որ ընտանիքը կարող է այնտեղ երկարաժամկետ բնակություն հաստատել։
Արցախի նախկին պետնախարարի կարծիքով` բնակարանային աջակցությունը կառավարությունը պետք է կապի աշխատատեղերի ստեղծման և կայուն եկամուտ ապահովելու հնարավորությունների հետ։ Հակառակ դեպքում, ըստ նրա, մարզերում բնակարան ձեռք բերելը դեռ չի նշանակում, որ ընտանիքը կարող է այնտեղ երկարաժամկետ բնակություն հաստատել։
Բեգլարյանը շեշտեց, որ զբաղվածության անհամաչափ բաշխումը միայն արցախցիների խնդիրը չէ, այլ վերաբերում է Հայաստանի ամբողջ բնակչությանը։
Բնակապահովման ծրագրի մյուս լուրջ խոչընդոտներից Բեգլարյանն առանձնացրեց ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պահանջը։ Նրա խոսքով՝ բռնի տեղահանվածների մի մասը չի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ, իսկ մյուսների համար գործընթացը բարդանում է փաստաթղթերի վերականգնման և երկարատև վարչարարության պատճառով։
Արցախի նախկին պետնախարարի գնահատմամբ՝ բնակարանային խնդրի երկարաձգումը խոչընդոտում է արցախցիների սոցիալական ինտեգրմանը և Հայաստանում մշտական բնակություն հաստատելուն։
Արցախի նախկին պետնախարարի գնահատմամբ՝ բնակարանային խնդրի երկարաձգումը խոչընդոտում է արցախցիների սոցիալական ինտեգրմանը և Հայաստանում մշտական բնակություն հաստատելուն։
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը հայտնել էր, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված բնակապահովման պետական ծրագրի շրջանակում մինչ այս պահը շուրջ 8300 հավաստագիր է տրվել, որոնցից մոտ 4600-ն արդեն իրացվել է։