Մեզ հստակ կարգավիճակ է պետք. արցախցիների խնդիրների հարցով քննարկում ԱԺ–ում
12:13 13.10.2026 (Թարմացված է: 12:36 13.10.2026)

© Photo : Screenshot / Civil Contract
Բաժանորդագրվել
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը հայտարարեց, որ արցախցիների կարգավիճակի հարցը լուծված և փակված է կառավարության որոշմամբ։ Արսեն Թորոսյանն էլ նշեց` արցախցիները կարող են պաշտպանել իրենց իրավունքները` իրացնելով միջազգային կոնվեցիաները, բայց իշխանությունը չի մասնակցի այդ գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ–ից բռնի տեղահանվածների կողմից այս պահին ստացվել է 53 099 դիմում թե՛ չափահասների, թե՛ անչափահասների մասով։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով` 45 098 անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել, որից 38 695–ը չափահասներ, 14 344–ը` անչափահասներ, այս միտումն ավելի մեծացել է բնակարանային պետական աջակցության ծրագրի ներդրման շրջանակում, երբ սահմանվեց ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պայմանը։
Նրա խոսքով` 45 098 անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել, որից 38 695–ը չափահասներ, 14 344–ը` անչափահասներ, այս միտումն ավելի մեծացել է բնակարանային պետական աջակցության ծրագրի ներդրման շրջանակում, երբ սահմանվեց ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պայմանը։
«Վերածնվող Արցախ» ՀԿ–ի նախագահ Անաստաս Իսրայելյանը, որը ներկայացնում էր արցախցիների խնդիրներն ու շահերը, նշեց, որ այսօր բնակարանային ու սոցիալական խնդիրներին ուղղված պետական աջակցության ծրագրերից օգտվելիս տասնյակհազարավոր մարդիկ բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում։
«Մանավանդ վերջին թանկացումների հետևանքով արցախահայությունը կանգնեց ավելի բարդ խնդրի առաջ, քանի որ սերտիֆիկատներով հնարավոր չէ այսօր տուն ձեռք բերել»,– նշեց նա։
Իսրայելյանի խոսքով` արցախցիներից մեծ մասին էլ հետաքրքրում է Արցախում թողած իր ունեցվածքի ճակատագիրը, և այստեղ շատ կարևոր է իրենց կարգավիճակի հարցը, որ կարողանան միջազգային ատյաններում այդ հարցը բարձրացնել։
«Այսօր մենք միջազգային ատյաններում չենք կարողանում ապացուցել, որ այդ ունեցվածքի տերը մենք ենք։ Այն կարգավիճակը, որ մենք այսօր ունենք, դա այն չէ, մենք հստակ կարգավիճակ պետք է ունենանք` ինչից ենք մենք տեղահանվել։ Մենք չենք տեղահանվել երկրաշարժից, ջրհեղեղից, մենք բռնի ուժի կիրառմամբ տեղահանված ժողովուրդ ենք»,– ասաց Իսրայելյանը։
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Ղազարյանը հայտարարեց, որ կարգավիճակի հետ կապված հարցը լուծված և փակված է ՀՀ կառավարության` 2023 թվականի որոշմամբ։
«Ինչ վերաբերում է գույքային պահանջներին, ապա անհատական կարգով գույքային պահանջների հարցերը յուրաքանչյուր անձի որոշելիք խնդիրն է, մենք այդտեղ ընդհանրական որևէ դիտարկում չունենք»,– տեղեկացրեց փոխնախարարը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե մեր այն հայրենակիցները, որոնք տեղահանվել են Ղարաբաղից, իրենց տունը պետք է վերջնական գտնեն ՀՀ–ում ու ինչ–որ մի օր ոչնչով չտարբերվեն Հայաստանում ապրողներից` ստանալով ՀՀ քաղաքացիություն։
Թորոսյանը շեշտեց` դա չի նշանակում, որ արցախահայությունը չի կարող իր իրավունքներն այլ կերպ պաշտպանել` իրացնելով միջազգային կոնվեցիաները, բայց իրենք (նկատի ունի ՀՀ իշխանությանը. խմբ) այդ գործընթացում մասնակցություն չի ունենալու։
Հիշեցնենք` 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան։