Կարևոր է էներգետիկ, ազգային անվտանգության տեսանկյունից. փորձագետը` Լիխաչովի առաջարկի մասին
22:02 29.09.2026 (Թարմացված է: 22:03 29.09.2026)

«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Երևանում
© Sputnik
Բաժանորդագրվել
Տարընկալումներից խուսափելու համար մասնագետը պարզաբանում է, որ ռուսական կողմի առաջարկը ենթադրում է ոչ թե նոր ատոմակայանի կառուցում, այլ Մեծամորի ատոմակայանի հարթակում նոր ատոմային էներգաբլոկի ստեղծում։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ատոմակայանի մասով ՀՀ–ին արված ռուսական կողմի առաջարկն ինժեներական տրամաբանության, տնտեսական հիմնավորման և ճիշտ լուծումների ուղղությամբ է գնում. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնում էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը` մեկնաբանելով «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հայաստանյան այցից հետո արված հայտարարությունները։
Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի կառավարությանն առաջարկել են 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցում։ Նա նաև հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը որոշում կընդունի նոր բլոկի տեխնիկական տվյալների վերաբերյալ, կընտրի գործընկերներին, որոնք պետք է կառուցեն այն։
Մարջանյանը նշում է, որ ռուսական կողմից բացի Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ առաջարկներ էր ստացել նաև այլ երկրներից։ Բայց ի տարբերություն ռուսական կողմի առաջարկի, դրանք տեխնիկական պարամետրերի առումով դետալավորված չեն։
Մարջանյանը նշում է, որ ռուսական կողմից բացի Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ առաջարկներ էր ստացել նաև այլ երկրներից։ Բայց ի տարբերություն ռուսական կողմի առաջարկի, դրանք տեխնիկական պարամետրերի առումով դետալավորված չեն։
«Ռուսական կողմն առաջարկում է ոչ միայն ՋՋԷՌ-100 (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր, ВВЭР) տիպի ռեակտոր, այլև ատոմային տեխնոլոգիաների բավականին լայն պնակ` ներառյալ փոքր մոդուլային կայանները։ Պարոն Լիխաչովի կողմից հնչեցվեց հստակ միտք, որ իրենց գնահատականներով 2036-37թթ. հորիզոնում Հայաստանին անհրաժեշտ կլինի առնվազն 1000 ՄգՎտ (1 ԳՎտ) ատոմային հզորություն։ Եվ այս գնահատականն ամբողջությամբ համընկնում է մեր կողմից ավելի վաղ արված գնահատականներին։ Այնպես որ կարծում եմ` ամեն ինչ ընթանում է ինժեներական տրամաբանության, տնտեսական հիմնավորման և ճիշտ լուծումների ուղղությամբ»,– ասում է մասնագետը։
Ի դեպ, ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է «3+» սերնդի անվտանգության համակարգեր։ Մարջանյանի մեկնաբանմամբ` դա այսօր շահագործվող ատոմային ռեակտորների ամենաժամանակակից ու ամենահուսալի մակնիշն է։ Կան նաև 4-րդ սերնդի ռեակտորներ, որոնցից 2-ն այսօր աշխարհում շահագործվում են ՌԴ–ի տարածքում, բայց դրանք Հայաստանին խոստացված ՋՋԷՌ (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր, ВВЭР) տեսակի ռեակտորներ չեն։
Տարընկալումներից խուսափելու համար Մարջանյանը նաև նկատում է, որ ռուսական կողմի առաջարկը ենթադրում է ոչ թե նոր ատոմակայանի կառուցում, այլ Մեծամորի ատոմակայանի հարթակում նոր ատոմային էներգաբլոկի ստեղծում։
«Նոր բլոկից զատ մի քանի կարևոր հայտարարություններ էլ արվեցին. «Ռոսատոմը» պատրաստակամ է աշխատել մեր ատոմակայանի երկրորդ բլոկի շահագործման ժամկետի երկարացման ուղղությամբ։ Հնչեց նաև այն կարևոր միտքը, որ ատոմային գեներացիան Հայաստանում կլինի մշտական և անընդհատ։ Իսկ սա շատ կարևոր դրույք է էներգետիկ անվտանգության, նաև ազգային անվտանգության տեսանկյունից»,– արձանագրում է մեր զրուցակիցը։
Հավելենք, որ Հայաստանում գործում է մեկ ԱԷԿ՝ երկու էներգաբլոկով, ՋՋԷՌ-440 (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր, ВВЭР) տիպի սեյսմակայուն ռեակտորների հիման վրա, որոնք շահագործման են հանձնվել 1976 և 1980 թվականներին: ԱԷԿ-ը կանգնեցվել է 1989 թվականի մարտին՝ Սպիտակի երկրաշարժից հետո, սակայն երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին։
«Ռոսատոմի» օգնությամբ 2021 թվականին ավարտվել է ԱԷԿ-ի արդիականացումը։ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթաց սկսելու մասին: