Երկաթուղու կոնցեսիայի համար 400 մլն վճարելու թեման դեռ բանավոր մակարդակում է․ Փաշինյան

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Ավելի վաղ վարչապետը խորհրդարանում հայտարարել էր, որ ներդրողներ կան, որոնք պատրաստ են 400 մլն դոլար վճարել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 27 - Sputnik. Այս փուլում որևէ մեկը պարտավորագիր չի ստորագրել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար 400 մլն վճարելու մասին։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ նա ԱԺ-ում ասել էր, որ կան ներդրողներ, որոնք պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։
«Աշխատանքային պրոցեսներ գնում են։ Էնպես չի, որ մեկը գրավոր պարտավորագիր կամ առաջարկ է տվել, որ ես 400 մլն պատրաստ եմ վճարել, բայց բանավոր մակարդակում էդպիսի քննարկում կա, էն որ մոտավորապես գնանշում է արվում՝ «իսկ էս, կոպիտ ասած, ապրանքն ինչքանո՞վ կվաճառվի»։ Եվ ասվում է՝ օրինակ, 350, 400․․․ Էն մյուսը, որ մեր կարծիքով հետաքրքրված ա, ասում ենք՝ «ի՞նչ եք մտածում էս գնի մասին»։ «Հա, վատ գին չի թվում, լավ գին ա թվում, արդար գին ա թվում, այսինքն՝ էս ժանրի խոսակցություն է»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը վստահ է, որ քննարկումները զարգացում ունենալու են։ Նրա խոսքով՝ պաշտոնական մակարդակներով էլ է այդ ամենի մասին խոսվել։
Նշենք, որ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը Փաշինյանն առաջին անգամ բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հատվածների վերանորոգման համատեքստում։ Մայիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր միջոցներով կվերակառուցի այդ հատվածները։
Ավելի ուշ նա ՌԴ-ին առաջարկեց վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ հայտարարելով բարեկամ որևէ երկրի՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին։ Երևանը հայտարարեց, որ չի առարկում երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն՝ ռուսական կողմի համաձայնության դեպքում: Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշեց, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիայի փոխանցման շուրջ:
Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։
Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։