Վերոնիկա Զոնաբենդն ու Սիրանուշ Սահակյանը հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Հանդիպման ընթացքում Վերոնիկա Զոնաբենդն առաջարկել է մինչև օգոստոսի վերջ կառավարության կողմից նշանակել պատասխանատու անձ՝ ոչ միայն մարդասիրական առաքելության հետ կապված հարցերի, այլև մարդասիրական հարցերի ամբողջ շրջանակի շուրջ մշտական հաղորդակցության համար։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը և Բաքվի բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել են ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության, Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Այս մասին news.am-ի հարցմանն ի պատասխան ասել է Սիրանուշ Սահակյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 17–ին` Վերոնիկա Զոնաբենդի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակներից հետո:
Հուլիսի 8-ին Վերոնիկա Զոնաբենդը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։ Օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Զոնաբենդի հետ հանդիպում կազմակերպել ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, նշվում էր նաև, թե Ռուբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։ Զոնաբենդն ավելի ուշ հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել։
Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևոր են համարել ուղիղ երկխոսության հաստատումը:
«Մենք բարձրացրել ենք ադրբեջանական Ումբակի բանտային համալիրում պահվող հայ բանտարկյալներին վերաբերող մի շարք մարդասիրական հարցեր, որոնք վերաբերել են նրանց պահման պայմաններին, ֆիզիկական վիճակին ու բժշկական վերահսկողության անհրաժեշտությունը, ծանրոցների ու նամակների փոխանցման հնարավորությանն ու ընտանիքների հետ կապի հաստատմանը: Փոխանցել ենք նաև գերիների ընտանիքներից ստացած տեղեկությունները՝ նրանց պահման պայմանների մասին և նշել, որ ակնկալում ենք հայկական կողմի աջակցությունն ու գործուն ջանքերը՝ բանտարկյալների պահպան պայմանների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության հարցում»,–նշել է Սահակյանը։
ԱԳՆ և միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ վերոնշյալ մարդասիրական հարցերը գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու կանանց միջազգային մարդասիրական առաքելության իրականացման նախաձեռնությանը:
«Վերոնիկա Զոնաբենդն առաջարկել է մինչև օգոստոսի վերջ կառավարության կողմից նշանակել պատասխանատու անձ՝ ոչ միայն մարդասիրական առաքելության հետ կապված հարցերի, այլև մարդասիրական հարցերի ամբողջ շրջանակի շուրջ մշտական հաղորդակցության համար։ Կառավարության ներկայացուցիչները խոստացել են քննարկել բարձրացված հարցերը և պատասխանել դրանց, ինչպես նաև հստակեցնելուն պես տրամադրել նաև պատասխանատու անձի կոնտակտային տվյալները», - ասել է Սահակյանը։
Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: