ԵԱՏՄ շուկայի այլընտրանքը դեռևս մենք չունենք. Սարգսյանը` արաբական երկրների մասին

© Photo : Зыков Кирилл / АГН "Москва"
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Նաիրի Սարգսյանը համոզված է, որ ՀՀ կառավարությունը ոչ թե նոր շուկաների փնտրտուքի մեջ է, այլ շարունակում է ժողովրդի աչքին թոզ փչել` միաժամանակ սեփական հայտարարություններով փչացնելով տեղական արտադրողների ու արտադրանքի վարկանիշը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանն իր ներկա տնտեսական կառուցվածքով արաբական երկրների շուկայում մրցունակ լինելու հնարավորություն դեռևս չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների դեսպանների հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության որոշ ուղերձներ։
Դրանց համաձայն` Փաշինյանը կարևորել է արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացումը` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական կապերի խորացման ուղղությամբ նոր նախաձեռնությունների առաջմղմամբ։
«Մահմեդական երկրների հետաքրքրությունները Հայաստանում տարիներ շարունակ եղել են բացառապես ոչխարաբուծության ոլորտում։ Բայց դա զարգացման մեծ հնարավորություններ չի ընձեռում։ Արաբական կամ մուսուլմանական աշխարհում մենք միս շատ մեծ ծավալով չենք էլ կարող արտահանել մի պարզ պատճառով, որովհետև դրա համար անհրաժեշտ է հալալ մորթի սերտիֆիկատ։ Մենք նույնիսկ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, հայկական ռեստորաններում ունենք խնդիր մուսուլմանական աշխարհի ներկայացուցիչներին սպասարկելու։ Մարդիկ գնում են բացառապես այնպիսի ռեստորաններ, որտեղ վստահ են, որ կա «հալալ մորթի» սերտիֆիկատ։ Օրինակ` Սիրիայի մեր հայրենակիցների ռեստորաններում»,– ասում է Նաիրի Սարգսյանը։

Նաիրի Սարգսյան
© Sputnik
Շուկայի դիվերսիֆիկացման առումով, ըստ տնտեսագետի, Հայաստանն առավել մրցունակ է ծխախոտի և ոգելից խմիչքի արտադրության բնագավառում։ Բայց մահմեդական երկրներ դրանց արտահանումը, նրա դիտարկմամբ, դարձյալ լուրջ խնդիր է։
«Օրինակ` Իրաքում գոյություն ունի անօրինական ծխախոտի շուկա։ Բայց արդյոք Հայաստանը դա է նպատակադրո՞ւմ։ Իսկ խմիչքի վաճառքի մասին խոսելը արաբական երկրներում շատ անլուրջ է։ Եգիպտական հանգստյան գոտիներում խմիչքի վաճառքի մասին գուցե կարող ենք խոսել, բայց արդյոք այդ ծավալները փոխարինելի են ՌԴ շուկայի հետ։ Իհարկե ոչ»,– ասում է Սարգսյանը` հավելելով, որ կա նաև լոգստիկ ծախսերի խնդիրը, որը բացասաբար է անդրադառնում ապրանքի ինքնարժեքի ու հետևաբար նաև մրցունակության վրա։
Արաբական Միացյալ Էմիրությունների անգամ տուրիստական գոտիներում, Նաիրի Սարգսյանի խոսքով, գոյություն ունի խմիչքի վաճառքի խիստ արգելք։
Դեղորայքի արտադրության ոլորտում, նրա համոզմամբ, Հայաստանը ոչ միայն արաբական երկրներում, այլև ընդհանրապես աշխարհում այսօր անկարող է մրցակցել Հնդկաստանի հետ, որը շատ ավելի մրցունակ պայմաններով է աշխարհին դեղորայք մատակարարում։
Ինչ վերաբերում է Հայաստանում արտադրվող շշալցված կամ գազավորված ջրերին, որոնք հեշտությամբ ողողել էին ռուսական շուկան, Նաիրի Սարգսյանի խոսքով` տարիներ շարունակ փորձել են գրավել նաև արաբական երկրները, մասնավորապես` ԱՄԷ–ն, բայց ցանկալի արդյունքի այդպես էլ չեն հասել։
«Այնտեղ սերտիֆիկացումները շատ ավելի խստապահանջ են, և, օրինակ, մետաղական պարունակության կամ ֆիլտրացիոն համակարգի չնչին շեղում հայտնաբերելու դեպքում այդ ապրանքի մուտքը մի քանի տարով արգելափակվում է այդ շուկա»,– ասում է տնտեսագետը։
Առանձին երկրներին ու ապրանքներին վերաբերող վերոհիշյալ փաստերը, Սարգսյանի բնորոշմամբ, վկայում են, որ հայ արտադրողների ու արտահանողների համար արաբական շուկան առայժմ չի կարող փոխարինել ռուսականին։
«Բիզնեսը այնքան արագաշարժ է և միտքը այնքան ճկուն է, որ վստահեցնում եմ ձեզ, եթե այդ շուկաները գրավելու հնարավորություն լիներ, ապա վաղուց արդեն գրաված կլինեին։ Ես միշտ ասում եմ, որ ռուսական կամ ԵԱՏՄ շուկայի այլընտրանքը դեռևս մենք չունենք»,– ասում է մեր զրուցակիցը։
2026 թ․-ին մայիսից Հայաստանի նկատմամբ կիրառված ռուսական սահմանափակումները, Նաիրի Սարգսյանի գնահատմամբ, ցույց տվեցին, որ նույնիսկ ռուսական շուկայի համար հայկական արտադրանքը պիտանի չէ։ Մյուս կողմից՝ ՀՀ իշխանությունն իր հայտարարություններով նպաստում է հայկական արտադրանքի վարկանիշի անկմանը։
«Ունենք մի վարչապետ, որը մի օր կառավարության նիստում հայտարարում է, որ հայկական կոնյակն ինչ կոնյակ է, թեյի գույն տված է, հաջորդ օրը հայտարարում է, որ հայկական ձկնամթերքը նույնիսկ մենք չենք օգտագործում, որովհետև վտանգավոր է և այլն։ Անընդհատ հակաքարոզչություն է տարվում։ Այս ամենի ֆոնին ինձ համար համոզմունք է դարձել, որ ՀՀ կառավարությունը ոչ թե նոր շուկաների փնտրտուքի մեջ է և փորձում է դիվերսիֆիկացիա իրականացնել, այլ շարունակում է իր հին ոճով ժողովրդի աչքին թոզ փչել։ Իսկ իրականում տեղի ունենում Հայաստանի տնտեսության պլանավորում` ոչ Հայաստանի Հանրապետության կողմից»,– ասում է Սարգսյանը։
Ստեղծված իրավիճակում անխուսափելի դարձած արտադրական ծավալների կրճատումը, նրա համոզմամբ, ի վերջո հանգեցնելու է ոչ թե նոր շուկաներ դուրս գալուն, այլ թուրքական շուկայից ներկրումներն ավելացնելուն։
Հիշեցնենք` «Ռոսսելխոզնադզորը» մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Հուլիսի 27-ից սահմանափակվել է նաև Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։