ՀՀ ԱԳՆ–ն կապ է հաստատել Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ
17:46 10.08.2026 (Թարմացված է: 17:51 10.08.2026)

© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Հանդիպման օրն ու ժամը դեռ որոշված չեն:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն կապ է հաստատել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ` Վերոնիկա Զոնաբենդի հետ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին գերատեսչությունից։
Օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Զոնաբենդի հետ հանդիպում կազմակերպել ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, նշվում էր նաև, թե Ռուբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։ Զոնաբենդն այսօր հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել։
«ԱԳՆ–ն Զոնաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել բանավոր։ Հանդիպման օրն ու ժամը դեռ որոշված չեն»,– տեղեկացրին գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վերոնիկա Զոնաբենդը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: