Քլորացումը թույլ է տալիս «մաքրել հետքերը». մասնագետը` ջրի որակի մասին

ԱԲ գեներացված պատկեր․ տղամարդը բաժակի մեջ ջուր է լցնում
© Sputnik / AI generated image
Բաժանորդագրվել
Տեղեկությունները, թե Երևանին մատակարարվող բարձրորակ ջրին մատակարարը արտեզյան ջուր է խառնում ծավալն ավելացնելու համար, ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը չի բացառում, բայց վերապահումով. ոչ թե արտեզյան, այլ խորքային ջուր։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայաստանում ջրի որակի խնդիրն ընդհանուր առմամբ լուծված է, բայց բացառված չէ, որ տեղական որոշ խնդիրներ լինեն. Sputnik Արմենիային ասել է ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը` անդրադառնալով ջրի որակի վերաբերյալ առկա մտահոգություններին։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակի դեպքերի համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացված ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։ Ջրային կոմիտեն էլ հայտնել է, որ քննարկվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի և կատարողական ցուցանիշների վերաբերյալ անկախ տեխնիկական աուդիտ իրականացնելու հարցը։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ավելի վաղ հայտարարել էր, որ խմելու ջրի ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում կատարված հետազոտությունների արդյունքներով՝ որակի շեղումներ չեն արձանագրվել։
Կամո Աղաբաբյանի կարծիքով՝ մտահոգությունների առիթ դարձած դեպքը լուրջ հետաքննության կարիք ունի, ուստի խորհուրդ է տալիս սպասել կրկնակի հետազոտությունների արդյունքներին։ Բայց և շեշտում է` մատակարարող ընկերությունը ունի բոլոր հնարավորությունները «հետքրը մաքրելու»։
«Դեպքը հայտնելուց հետո բավական է մի հատ լավ քլորացում կատարվի, և դրա արդյունքում այլևս ճիշտ տեղեկություն ստանալ հնարավոր չի լինի։ Դրա համար նմուշառումը պետք է արվի հենց այն պահին, երբ դեպքերը տեղի են ունեցել, որովհետև, եթե աղբյուրում քլորացման կոնցենտրացիան մի քիչ մեծացնեն, բոլոր հետքերը կկորչեն»,– շեշտում է մասնագետը։
Ինչ վերաբերում է Հայաստանում սպառողներին մատակարարվող ջրի ընդհանուր որակին, Աղաբաբյանը նշում է, որ ամենաբարձր որակի ջուր համարվում է Գառնու, Ապարանի և Կաթնաղբյուրի ջրաղբյուրներից մատակարարվող ջուրը, որով ապահովվում են Երևանի որոշ թաղամասերն ու հարակից մարզերի որոշ բնակավայրերը։
Երևանի մյուս մասը սնվում է Արարատյան 4 պոմպակայանից, որտեղ ջրի որակն ավելի ցածր է, կոշտությունը`մեծ։ Բայց խմելու համար այս ջուրը միանգամայն անվնաս է։
Տեղեկությունները, թե Երևանի բարձրորակ ջրերին անգամ մատակարարը արտեզյան ջուր է խառնում` ծավալն ավելացնելու համար, մեր զրուցակիցը չի բացառում, բայց մի վերապահումով. ոչ թե արտեզյան, այլ խորքային ջրեր։
«Կարծում եմ` որևէ խնդիր չկա։ Համենայնդեպս, այս ջուրը վտանգավոր չէ, խմելու որակի ջուր է, բայց, իհարկե համային և այլ հատկանիշներով զիջում է Գառնիի ջրին»,– ասում է նա։
Կամո Աղաբաբյանի խոսքով, Երևանն այս տեսակետից շատ ավելի բարվոք վիճակում է, քան հայաստանյան այլ բնակավայրերը, որտեղ բնակիչներին գետային ջրընդունիչներից վերցրած և մաքրման կայաններում մաքրված ջուր է մատակարարվում։
«Ամբողջ Դիլիջան քաղաքը, Կապան քաղաքը, Մեղրին` մասամբ, և Ագարակ քաղաքը սնվում են ջրի մաքրման կայաններից, որտեղ ջրի որակին շատ ավելի լուրջ պետք է մոտենան, քան իրականում արվում է»,– ասում է փորձագետը` հավելելով, որ անցանկալի հետևանքներից խուսափելու համար պետք է ուժեղացնել հսկողությունը հատկապես վարակազերծման աշխատանքների նկատմամբ։ Իսկ առողջապահության նախարարությունը պետք է վերահսկի «Վեոլիա ջրի» լաբորատորիաների աշխատանքը։
Աղաբաբյանն արձանագրում է, որ հաստատված ստանդարտի համաձայն` ջրի որակի հետազոտութոյւնը պետք է իրականացվի անկախ լաբորատորիայում։ Մեր երկրում մատակարար ընկերությունն ինքն է վերահսկում իր մատակարարած ջրի որակը` իր լաբորատորիայում, ինչը մասնագետի համոզմամբ, ճիշտ չէ։ Իսկ գյուղերի ջրամատակարարումը դուրս է նույնիսկ «Վեոլիա ջրի» սպասարկման տիրույթից։
Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը խմբային հայց է նախաձեռնել «Վեոլիա ջուր» ընկերության դեմ` նշելով, որ տարբեր բնակավայրերում կոշտության ցուցանիշը սկսել է գերազանցել առողջապահության նախարարության կողմից սահմանված ու դեռևս գործող ցուցանիշը։
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար ու կարող է դիմել դատարան և վիճարկել ամբողջ գործընթացը։