Ցորենի արտադրության աջակցությունը պիտի լինի համալիր, միջամտությունը` վիրահատական. փորձագետ

© Sputnik / Виктор Толочко
Բաժանորդագրվել
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Թաթուլ Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրել է, որ ցորենի արտադրության ինքնաբավությունը Հայաստանում երբեք 60-65 տոկոսից բարձր չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ցորենի արտադրության ոլորտում Հայաստանը երբեք չի ունեցել 100 % ինքնաբավություն, և նման հնարավորություն չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Թաթուլ Մկրտչյանը։
Նշենք, որ ցորենի տեղական արտադրությունը խթանելու թեմայով հուլիսի 8-ին կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ցորենի արտադրության, ներմուծման ծավալների, ինքնաբավության մակարդակի, տեղական ցորենի որակի և պահեստավորման հնարավորությունների մասին վերլուծություն։ Փաշինյանը հանձնարարել է քարտեզագրել ցորենի մշակման հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը և մշակել ներդրումային ծրագիր։
«Խոսքը բոլոր ռեսուրսների, ամբողջ պոտենցիալի մոբիլիզացիայի արդյունքում ինքնաբավության մակարդակը հնարավորինս բարձրացնելու մասին է։ Անկախացումից հետո եղել են տարիներ, երբ մեր ինքնաբավությունը 60-65 տոկոսի է հասել։ Այսինքն՝ խոսքը կարող է լինել մինչև 75-80 % ինքնաբավության մասին։ Մի բան է, երբ որ դու ունես 25 % ինքնաբավություն և մնացած 75-80 %-ով կախված ես ներմուծումից, մեկ այլ բան է, երբ 75 %–ով կարողանում ես քեզ ապահովել»,– նշում է Մկրտչյանը։
Ի դեպ, պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանի ցորենի պահանջարկի մոտ 75-80%–ը (ավելի քան 300 000 տոննա) բավարարվում է ներմուծման հաշվին, որի ավելի քան 99%–ը ներմուծվում է Ռուսաստանից։
Կարևորելով սեփական կարողությունների բարձրացման խնդիրը` Թաթուլ Մկրտչյանը չի անտեսում ցորենի պահանջարկի ապահովման հարցում Ռուսաստանի դերը։
«Ռուսաստանի գործոնը, բնականաբար, կարևոր է նախ լոգիստիկ առումով (որովհետև հարավային շրջաններից ենք ներմուծում), հետո նաև միջպետական պայմանագրով քվոտավորված ծավալով և քվոտավորված գնով։ Բայց, իհարկե, անկախ նրանից, թե որտեղից կներմուծենք, մենք պետք է կարողանանք դուրս գալ ինքնաբավության հնարավոր ամենաբարձր մակարդակ»,– ասում է Մկրտչյանը։
Տնտեսագետը նկատում է, որ այսօր ամբողջ աշխարհում արմատապես փոխվում է գյուղատնտեսական նշանակության ապրանքների, գյուղմթերքի ինքնաբավության խնդրի նկատմամբ վերաբերմունքը, իսկ ցորենն այդ ցանկում ռազմավարական նշանակության սննդամթերք է։
«Այսօր բոլոր երկրները փորձում են սեփական կարողությունների ավելացման ծրագրեր իրականացնել։ Անգամ որոշ սակավահող կամ գյուղնշանակության համար ոչ պիտանի հողեր ունեցող երկրները պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այլ երկրներում են հողեր վարձակալում։ Պետություններն ամբողջ վարձակալական և մնացած ծախսերը վերցնում են իրենց վրա, և այդ հողերն օգտագործում են հիմնականում ռազմավարական նշանակության գյուղմթերքների, ինքնաբավություն ապահովող արտադրության ծավալներ ապահովելու համար»,– նշում է Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի հողային ֆոնդի հնարավորություններին, տնտեսագետը կարծում է, որ մեր երկիրն այսօր անթույլատրելի քանակի չմշակվող հողեր ունի։
Նրա խոսքով` թե կառավարության հերթական ծրագիրը որքանով արդյունավետ կարող է լինել, պայմանավորված է պետական աջակցությամբ. բանն այն է, որ Հայաստանում արտադրված ցորենը որակական խնդիրներ ունի։
«Ինքնաբավության 25 %–ի չափով ստացվող մեր տեղական արտադրության ցորենի միայն մոտ 10 %–ն է օգտագործվում ալյուրի արտադրության մեջ, մնացածը օգտագործվում է այլ նպատակներով` անասնակերի արտադրություն և այլն։ Ցորենից ալյուրի ելքը մեզ մոտ ցածր է։ Իսկ գնային կոմպոնենտներն այնպիսին են, որ առնվազն վերջին 1-2 տարիներին ավելի նախընտրելի է եղել ներմուծումը։ Այնպես որ, պետության աջակցությունը պետք է լինի տոտալ, համալիր աջակցության համակարգով` անկախ նրանից, թե տվյալ տարում ցորենի համաշխարհային գինը ցածր է, բարձր է, կարելի է ավելի էժան ներմուծել, թե ոչ։ Աջակցության ծրագիրը պետք է անընդհատ արվի, այլապես, եթե ինչ-որ ժամանակ արվի, հետո դադարեցվի, մենք ինչ-որ մի փուլում նորից հետ ենք գալու նույն վիճակին»,– ասում է Մկրտչյանը։
Տնտեսագետը կարևորում է նաև պետության կողմից ցորենի մշակման ամբողջ գործընթացի վերահսկողությունը։ Նրա խոսքով` պետությունը չպիտի ուղղակի աջակցի ու քաշվի մի կողմ` թողնելով, որ գյուղացին ինքը որոշի` հաջորդ տարի ցանի, թե չցանի, մշակի իր հողը, թե թողնի անմշակ։
Տնտեսագետը չի հերքում, որ կառավարության ղեկավարի նշած անմշակ հողերի խնդիրը մեր երկրում իսկապես սուր է, և այդ մասին տարիներ շարունակ խոսվել է, բայց լուծումներ այդպես էլ չեն գտնվել։
Մասնավորեցման արդյունքում գյուղացիներին տրված գյուղատնտեսական հողակտորները, այդ թվում` ցորենի հնարավոր ցանքատարածքները շատ մասնատված ու կտրտված են։ Դրանք կոնսոլիդացնելու փորձերն առ այսօր արդյունք չեն տալիս, ուստի այս հարցում Մկրտչյանը նույնիսկ խիստ միջամտության կողմնակից է։
«Իմ կարծիքով` անգամ վիրահատական միջամտությունների անհրաժեշտություն կա։ Օրինակ` երկարաժամկետ չօգտագործված հողերի վերադարձ պետությանը։ Հողերի մասնատվածությունը բերում է լրացուցիչ խնդիրների, որոնք պետությունը, ինչքան էլ աջակցություն ցուցաբերի, միևնույն է` անզոր է լուծել։ Օրինակ` 2 հարևան հողակտորներից մեկում վնասատուների դեմ պայքարի միջոցառում է արվում, մյուսում` ոչ, որովհետև դրա տերն իր հողը չի մշակում։ Այս դեպքում պայքարի ազդեցությունը զրոյանում է, որովհետև կողքից վնասատուները նորից անցնում են հարևան հողատարածք։ Այսինքն՝ պետք են ոչ միայն տնտեսական, այլ նաև վարչական մեխանիզմներ, որ բոլոր այն մարդիկ, գյուղացիական տնտեսությունները, որոնք մասնավորեցման ժամանակ հողեր են ստացել և տարիներ շարունակ չեն մշակում, պետությունը կարողանա իր ունեցած ուժեղ գործիքներով կոնսոլիդացիայի տանել, միավորել, մեծացնել»,– մեկնաբանում է Մկրտչյանը։
Նրա գնահատմամբ` միայն այդ դեպքում կարող է աջակցությունը լինել արդյունավետ` հողերի մշակումը դառնալ տեխնիկապես ավելի ավելի հարմար ու ավելի էժան, ցորենի արտադրությունն էլ` ավելի նպատակային։
Իսկ պարագայական լուծումները, նրա համոզմամբ, լինելու են լավագույն դեպքում ժամանակավոր, որոնցից շահելու են ինչ–որ անհատներ, բայց ոչ պետությունը։