«Ուժեղ Հայաստանը» կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան
14:19 05.07.2026 (Թարմացված է: 14:49 05.07.2026)
Բաժանորդագրվել
Ըստ Կարապետյանի` մանդատներ վերցնելը չի նշանակում Ազգային ժողովում այս համամասնության լեգիտիմության ճանաչում, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավելի շատ ներկայացուցիչներ ունի, քան պետք է ունենար, եթե լինեին օրինական և արդար ընտրություններ։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կվերցնի մանդատները։Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը սոցցանցի տեսաուղերձում։
«Մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունը Ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին»,–հայտարարեց Կարապետյանը։
Նրա խոսքով` որոշումն ընդունելուց առաջ քննարկել են 2 սցենար։ Առաջինը՝ գնում են Ազգային ժողով և դրանով օրենսդիրում ունենում են ներկայացվածություն, 2-րդ-ը՝ չեն գնում Ազգային ժողով և չեն ունենում ներկայացվածություն։
«Եթե փողոցում հայտնվում է 70–80 հազար մարդ, ապա այդ պարագայում մենք Ազգային ժողովում չէինք ունենում գրեթե 1 պատգամավոր, որը կքվեարկեր մեր բերվող փոփոխության օգտին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմության ձայների համամասնության տարբերությունը այնքան շատ էր, որ գործնականում անհնար էր հասնել օրենսդիրի միջոցով իշխանափոխության՝ փողոցային պայքարի արդյունքում։ Եթե գնում ենք օրենսդիր և չի լինում փողոցային պայքար, այդ ժամանակ գրեթե անհնար է բանակցային պրոցեսների միջոցով իշխանական պատգամավորներին բերել այն կարծիքի, որ պետք է փոփոխություն։ Այդ իսկ պատճառով մենք եկանք մի կարևոր եզրահանգման։ Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է 2 կարևոր բան՝ փողոցային պայքար և Ազգային ժողովում ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության»,–ասաց Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ իրենք չեն պատրաստվում մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ չեն տեսնում հնարավորությունը մեծ փոփոխության։ Դա կանեն այն ժամանակ, երբ օրենսդրի և փողոցի համակցության արդյունքում կունենան լեգիտիմ և խաղաղ փոփոխության հնարավորություն։
Ըստ Կարապետյանի` մանդատներ վերցնելը չի նշանակում Ազգային ժողովում այս համամասնության լեգիտիմության ճանաչում, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավելի շատ ներկայացուցիչներ ունի, քան պետք է ունենար, եթե լինեին օրինական և արդար ընտրություններ։
«Մենք կսկսենք մասնակցել համայնքային ընտրություններին և կշարունակենք ընդլայնել ժողովրդի վստահությունը։ Ինչու՞ է պետք համայնքային ընտրություններին մեր մասնակցությունը, որովհետև այս ամբողջ պրոցեսների ժամանակ ընտրախախտումների մեջ նշանակալի դեր ունեին համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղային ներկայացուցիչների վարքագիծը և ճնշումները։ Մենք պետք է կտրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թևերը Հայաստանով մեկ, որպեսզի նրանք հնարավորություն չունենան ամեն գյուղում, ամեն քաղաքում ճնշման ենթարկել մեր հայրենակիցներին` իրենց արդար որոշման համար։ Սա կբերի շատ ավելի դրական լուծումների՝ հետագայում արտահերթ և հերթական ընտրությունների ժամանակ»,–ասաց նա։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին, որոշումը հրապարակվեց հուլիսի 4-ին։