00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեկ հասցեի վրա ընդհուպ մինչև 303 մարդ է հաշվառված եղել. Մելոյանն առանձնացրել է խախտումները

© SputnikԳոհար Մելոյան
Գոհար Մելոյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը տեղեկացրեց, որ բազմաթիվ արցախցիներ, որոնք արդեն իսկ ստացել են ՀՀ քաղաքացիություն ու հաշվառված էին, գնացել են ընտրության, սակայն պարզել են, որ հաշվառման ցուցակներից հանված են եղել։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից մոտ 700 անձ է ձերբակալվել կամ կալանավորվել։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով` ձերբակալվածների մեջ կան նույնիսկ տարեց կանայք, որոնք ընդամենը եկել էին գրանցվելու որպես կուսակցության անդամ, սակայն հետո մտել են նրանց տներն ու ձերբակալել` զուտ ահաբեկելու նպատակով, հարցաքննում, ապա բաց թողնում։
«Բոլոր 2005 ընտրատեղամասերում մենք ունեինք 3–ական վստահված անձ։ Իշխանություններն առավել պատրաստված անձանց փուլ առ փուլ ձերբակալում էին»,– ասաց նա` ավելացնելով, որ հետապնդումների շղթան դեռ շարունակվում է` ԿԸՀ–ն քննում է միջնորդություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու մասին։
Նա տեղեկացրեց` արձանագրված բոլոր խախտումների վերաբերյալ կուսակցությունը զեկույց է պատրաստում։
Մելոյանը նշեց, որ մի լուրջ խախտում են արձանագրել. պետական մարմինների բաց աղբյուրներից 846 հասցե են հանել և պարզել, որ մեկ հասցեի վրա ընդհուպ մինչև 303, 183, 174 մարդ է հաշվառված եղել։
«Արդյունքում ահռելի թվականակ է դառնում։ Այս ամենի վերաբերյալ ոչ մի պատշաճ մեկնաբանություն չի տրվել»,– ընդգծեց նա։
ԿԸՀ-ն ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել. հայտնի է պատճառը
Մելոյանը տեղեկացրեց նաև, որ բազմաթիվ արցախցիներ, որոնք արդեն իսկ ստացել են ՀՀ քաղաքացիություն ու հաշվառված էին, գնացել են ընտրության, սակայն պարզել են, որ հաշվառման ցուցակներից հանված են եղել ու ոստիկանության անձնագրային բաժինը հրաժարվել է օգնել։ Արդյունքում մարդիկ զրկվել են ընտրության իրավունքից։
Նա կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել անվավեր քվեաթերթիկների քանակին. եթե 2018 թվականին դրանց թիվը եղել է 4 706, 2021 թվականին` 4 593, այս տարի 17 097 անվավեր քվեաթերթիկ է եղել։
«Եթե մանդատների բաշխման Դոնթի բանաձևով հաշվենք, ըստ էության` մեկ մանդատից ավելի քվե է ստացվում։ Սա մտահոգիչ է, քանի որ մի քանի ընտրատեղամասերից ահազանգեր ենք ստացել, մեր քվեաթերթիկն ընդամենը ծալված է եղել, որն անվավեր են համարել, որի իրավունքը չունեն։ Եղել են դեպքեր, երբ քվեաթերթիկը պատռված է եղել, դա վավեր են ճանաչել, իսկ այս դեպքում որոշել են անվավեր ճանաչել»,– հայտարարեց Մելոյանը։
Նա խոսեց նաև մեկե այլ խնդրի մասին`սարքի կտրոնի թիվն ու ընտրացուցակներում անձի համարը չեն համապատասխանել իրար։
«Սա լուրջ ահազանգ է, որ հնարավոր է` համակարգը կոտրել են ու ինչ–որ մեխանիզմ են ներդրել»,– ասաց Մելոյանը` ավելացնելով, որ կտրոնը ստանալիս, երբ մարդը մատնահետք է թողել, սարքի երեք լույսերից որևէ մեկը չի վառվել։
Բացի այդ, մի շարք ընտրատեղամասերում քվեատուփը կապարակնքված չի եղել, այսինքն` ստացվում է` ցանկացած պահի կարողացել են այն բացել–փակել ու ինչ ուզել, մեջը լցնել։
«Մենք ունենք տեսանյութ, որ հանձնաժողովի նախագահը քվեատուփը վերցնում, բերում– դնում է տեսախցիկների հետևը, և ողջ օրվա ընթացքում չենք կարողանում տեսնել, թե այդ քվեատուփի հետ ինչ է տեղի ունենում»,– ասաց պատգամավորության թեկնածուն։
Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ. Գոհար Մելոյանը որոշ արձանագրումներ է արել
Նա նաև նշեց, որ ընտրողների թիվը մինչ ընտրություններ պարբերաբար փոփոխվել են։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հայտարարություններին, թե վերահաշվարկի արդյունքում իրենց ձայների թիվն ավելացել է, Մելոյանը հերքեց այդ լուրը` ասելով, որ հակառակ պատկերն է արձանագրվել։

Խոսելով ընտրություններին զինվորների մասնակցության մասին` Մելոյանը նշեց, որ անհասկանալիորեն նրանց բոլորին բերում են ընտրատեղամասերի փակվելուց րոպեներ առաջ, իսկ դա արդեն իսկ ուղղորդում է, բացի այդ էլ` նրանք ընտրատեղամաս մուտք են գործում տվյալ շենքի տարբեր սենյակներից։

«Մենք ունենք մտահոգություն, որ եղել են զինվորներ, որոնց ընտրություններից երկու օր առաջ տուն են թողել, նա ընտրատեղամասում իր անձնագրով է քվեարկել, ապա վերադարձել զորամաս և քվեարկել զինգրքույկով։ Ստացվում է կրկնաքվեարկություն, որը դեռ պետք է ստուգենք»,– ասաց Մելոյանը։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Լրահոս
0