ՆԳՆ–ն խոչընդոտներ է ստեղծում արցախցիների ընտրական իրավունքի իրացման համար. փաստաբան
20:41 29.05.2026 (Թարմացված է: 21:15 29.05.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ռոման Երիցյանի խոսքով` նոր դատավարական օրենսգրքով` վերաքննիչ դատարանը նման բողոքը վարույթ ընդունելու լիազորություն չունի, քանի որ արցախցիներին ընտրական իրավունք տալու որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը խոչընդոտում է արցախցիների ընտրական իրավունքի իրացումը։ Արցախի ներկայացուցչության մոտ այս հայտարարությունն արեց փաստաբան Ռոման Երիցյանը։

Ռոման Երիցյան
© Sputnik / Aram Nersesyan
«Արցախցին, անկախ 070 կոդով անձնագիր ունենալու հանգամանքից, ՀՀ քաղաքացիություն ընդունելուց կամ չընդունելուց, ունի ընտրական իրավունք, որն արձանագրվել է դատական ակտերով, սակայն ՀՀ ներքին գործերի նախարարությունն անտեսում է այդ հանգամանքը և խոչընդոտներ ստեղծում»,– ասաց նա։
Փաստաբանը հայտնեց` այս շաբաթ 4 արցախցիներ դիմել են դատական պաշտպանության` իրենց ընտրական ցուցակներում ներառելու պահանջով։
«Դատարանը 4 դիմողից 3–ի պահանջը բավարարել է։ Այդ որոշումները վերանայման կամ բողոքարկման ենթակա չեն։ 1–ի մասով դատարանը մերժել է, քանի որ վեճը ենթակա է ոչ թե քաղաքացիական, այլ վարչական դատավարության կարգով, այսինքն` չի ասել` արցախցին չունի ընտրական իրավունք»,– ասաց Երիցյանը։
Նա ընդգծեց` Քաղաքացիության մասին օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է ունենալ բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եթե արցախցին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, որի առաջին էջում նշված է ՀՀ քաղաքացիություն, ապա այդ քաղաքացիությունը կարող է դադարել բացառապես օրենքով սահմանված կարգով։
«Որևէ այլ եղանակով քաղաքացիությունը դադարել հնարավոր չէ, իսկ որևիցե օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ, որ քաղաքացու քաղաքացիությունը կարող է դադարել կառավարության որոշմամբ։ Բայց ի՞նչ է տեղի ունենում, ներքին գործերի նախարարությունը օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշման նկատմամբ անարգանք է ցուցաբերում։ Դատարանի 3 որոշումների մեջ հստակ նշվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ Ներքին գործերի նախարարությունը բողոքարկել է դատարանի որոշումը, բողոքարկել է մի որոշում, որը բողոքարկման ենթակա չէ։ Սակայն վերաքննիչ դատարանը կայծակնային արագությամբ վարույթ է ընդունել բողոքարկման ոչ ենթակա որոշումը` արձանագրելով, որ չկան բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր»,– ասաց Երիցյանը։
Փաստաբանը շեշտեց` նոր դատավարական օրենսգրքով` վերաքննիչ դատարանը նման բողոքը վարույթ ընդունելու լիազորություն չունի։
Արցախից բռնի տեղահանված Սայիդա Պողոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ արցախցիների ընտրական իրավունքը վերականգնելու շանսերը շատ մեծ չեն, բայց իրենք որոշել են պայքարի ճանապարհով գնալ։
«Մենք կարողացել ենք ունենալ 3 նախադեպ, որի վրա հիմնվելով մշակվել է հայցադիմում։ Դրա միջոցով դիմում ենք միգրացիոն կենտրոն, որտեղ ստանում ենք մերժում, մերժումից հետո քաղաքացիները իրենց դիմումները ուղարկում են դատարան, որտեղ պետք է վերականգնվի իրենց ընտրական իրավունքը օրինական ճանապարհով։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք և իրավունք ունենք մասնակցելու ընտրությանը։ Հույս ունենք` կկարողանանք ունենալ նախադեպային այլ որոշումներ, որը կկայացվի ի օգուտ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների, որոնք տեղափոխվել են Արցախից»,–ասաց նա։
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։