ՌԴ էներգետիկայի նախարարը խոսել է գազի գնի վերաբերյալ հայ գործընկերոջն ուղղված նամակի մասին
15:09 28.05.2026 (Թարմացված է: 17:23 28.05.2026)

© Sputnik / Алексей Никольский
/ Բաժանորդագրվել
Ռուս պաշտոնյան կարծում է, որ այս կամ այն որոշումը կայացնելիս հայ ժողովուրդը պետք է հասկանա տնտեսական գործոնները։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ ՀՀ իշխանություններն ու ժողովուրդը նախապես տեղեկացված են եղել Եվրամիության հետ մերձեցման հեռանկարների տնտեսական հետևանքների մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը՝ անդրադառնալով գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի վերաբերյալ պայմանագրի հնարավոր չեղարկման մասին նամակին:
«Մենք բոլորս գործում ենք ԵԱՏՄ–ի շրջանակում։ Երկար տարիներ հարաբերություններ են կառուցվել անդամ բոլոր պետությունների հետ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նավթն ու գազը մատակարարվում են բավականին շահավետ գներով։ Իհարկե, Եվրոպայում գազի գինը շատ ավելի բարձր է։ Ես գրեցի իմ հայ գործընկերոջը, որպեսզի բոլորը նախապես իմանան, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենալու, եթե Եվրասիական տնտեսական միությունից անցնեն Եվրամիություն. այդ դեպքում մենք չենք կարողանա նրանց մատակարարել վառելիքն այն գնով, որով մենք հիմա մատակարարում ենք»,– լրագրողներին ասել է ռուս պաշտոնյան։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, հայկական կողմի պատասխան նամակը դեռևս չկա։ Ցիվիլյովը կարծում է` երբ հայ ժողովուրդը կայացնի այդ որոշումը, նա պետք է հասկանա վերոնշյալ տնտեսական հանգամանքները: Այս նամակի նպատակը միայն դա էր. մենք միշտ հայ ժողովրդին վերաբերվել ենք որպես եղբայրական ժողովրդի, և նրանք նախապես պետք է իմանան այն հետևանքների մասին, որոնք կարող են տեղի ունենալ այդ դեպքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի հնարավոր չեղարկման մասին: Նամակում ասված է` եթե Հայաստանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2–ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն ԵՄ։ Այս հայտարարության վերաբերյալ ՌԴ–ից կոշտ արձագանքներ են հնչել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ից տրվող արտոնությունները ՀՀ–ին տրվել են փաթեթային, իսկ ԵՄ կազմում լինելու ցանկության դեպքում գներն էլ պետք է լինեն ինչպես ԵՄ–ում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ ԵՄ-ին անդամակցելու համար ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ քննարկումների ակտիվացումը մեծապես կապված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։
Այս ամենի ֆոնին Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը նամակ էր հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Այս ամենի ֆոնին Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը նամակ էր հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։