Թուրքիային 100% վստահել չի լինի. տնտեսագետը` ուղիղ առևտրի հնարավոր ռիսկերի մասին
17:09 14.05.2026 (Թարմացված է: 20:34 14.05.2026)

© Photo : Twitter / Ruben Rubinyan
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունը մինչ օրս պաշտոնապես որևէ հաշվարկային գնահատական չի ներկայացվել, թե ինչ արդյունք կամ հետևանք կարող է ունենալ ՀՀ տնտեսության համար Թուրքիայի հետ սահմանի բացումը կամ փոխադարձ առևտրի պարզեցումը։
Թուրքիային 100 % վստահել չի կարելի։ Ճանապարհ բացելիս Թուրքիան, բնականաբար, առաջնորդվում է իր տնտեսական շահերով. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Սոցիալ–տնտեսական զարգացման կենտրոնի նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով Հայաստան–Թուրքիա ուղիղ առևտրի մասին հայտարարություններին։
Հիշեցնենք` մայիսի 13-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան ավարտել են ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է երկկողմ առևտրի արգելքները վերացնելու Թուրքիայի որոշումը` նշելով, որ դա էական քայլ է փոխադարձ առևտրի, գործարար շրջանակների, տարածաշրջանում տնտեսական կապերի խթանման, խաղաղության ու բարեկեցության ապահովման համար։ Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օնջու Կեչելին էլ շտապեց պարզաբանել, որ խոսքը ուղիղ սահմանների բացման մասին չէ։ X-ում նրա գրառման մեջ նշվում էր, որ թեև Հայաստանն ու Թուրքիան ավարտել են երկկողմ առևտրի նախապատրաստական աշխատանքները, բայց սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները դեռ շարունակվում են։
Ի դեպ, ՀՀ կառավարությունը մինչ օրս դեռ պաշտոնապես որևէ հաշվարկային գնահատական չի ներկայացրել, թե ինչ արդյունք կամ հետևանք կարող է ունենալ Թուրքիայի հետ սահմանի բացումը կամ փոխադարձ առևտրի պարզեցումը ՀՀ տնտեսության համար։ Նույնը պնդում է նաև կառավարության հետ այս հարցով բազմաթիվ քննարկումների մասնակցած տնտեսագետը։
«Որքան էլ տարբեր քննարկումներ, կոնֆերանսներ եղան, այդ թվում`Էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ, այդպես էլ ոչ մեկը հստակ ուսումնասիրություն չներկայացրեց, թե հայկական որ ապրանքները կարող են մրցակցությանը չդիմանալ, ինչ և ինչպես կարող է լինել»,– նշում է Մակարյանը։
Ներկայացնելով սեփական դիտարկումները` տնտեսագետը ռիսկային է համարում հյուրանոցային բիզնեսի ոլորտը` շեշտելով, որ սահմանների բացումը միայն առևտուր չէ, այլ նաև տնտեսական համագործակցության սկիզբ, որի ընթացքում բացառված չէ, որ թուրքերը ՀՀ–ում կփորձեն հյուրանոցներ գնել կամ կառուցել` օգտվելով իրենց սարքավորումների և շինանյութերի էժանությունից։ Կամ, օրինակ, ինչպես Մակարյանն է որակում, «կարող են մխրճվել ֆինանսական ոլորտի մեջ»։

Գագիկ Մակարյան. Արխիվային լուսանկար
© Sputnik / Andranik Ghazaryan
«Թուրքիային վստահել 100% չի կարելի։ Բնականաբար, էքսպանսիայի ռիսկեր կան, էդ էքսպանսիան միայն էժան գյուղմթերք կամ ինչ–որ այլ ապրանքներ բերելը չէ։ Դրանք պարզունակ բաներ են։ Պրոբլեմը ավելի գլոբալ է, եթե ֆինանսական շուկաներ սկսեն գրավել կամ ֆինանսական շուկայում էական բաժին ունենան, բանկեր առնեն, փայատեր դառնան կամ իրենց բանկերը բերեն Հայաստանում գրանցեն»,– ասում է մեր զրուցակիցը։
3-րդ ուղղությունը, որ կարող է Հայաստանում հայտնվել թուրքական կապիտալի ձեռքին, Մակարյանի կարծիքով, շինարարությունն է։ Եթե սահմանները բացվեն, շինանյութերի տեղափոխումը շատ ավելի կհեշտանա։ Թուրքական ընկերությունները ոչ միայն բնակարանաշինությամբ կամ հյուրանոցաշինությամբ կզբաղվեն, այլև իրենց էժան առաջարկներով կարող են պետական տենդերների մասնակցել։
Նույնը վերաբերում է նաև անշաժ գույքի շուկային։ Հայաստանում այսօր կառուցվող բնակարաններից շատերը դեռ վաճառված չեն։ Իսկ թուրքական բրոքերային ընկերությունները կարող են դրանց համար թուրք գնորդներ գտնել ու Հայաստանն աստիճանաբար «լցնել» թուրքերով։
Անդրադառնալով գյուղոլորտին` Մակարյանը նշում է, որ այստեղ ևս էժան լոլիկ ներկրելով խնդիր չի ավարտվի։ Թուրքիան կարող է սեփական գյուղատնտեսությունը հիմնել մեր երկրում։
«Հայաստանում հողերի 50 տոկոսն այսօր չմշակվող է։ Դրանք կարող են վարձակալել թուրքական ֆիրմաները և գյուղմթերքների ցանքատարածություններ ստեղծելու անվան տակ վերցնել, գրավել այդ տարածքները։ Ճիշտ է, գուցե ներդրումներ էլ կատարեն, բայց նաև մեր հողերի տերը կդառնան»,– նշում է նա։
Արտադրության ոլորտում, Գագիկ Մակարյանի դիտարկմամբ, թուրքական մրցակցությունից կարող էապես տուժել կայացման դժվարին ուղի անցած հայկական տեքստիլը, որը հիմնականում իրացվում է ՌԴ–ում ու եվրոպական շուկայում։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ Հայաստանի փոխադարձ առևտրի ցուցանիշներին, Մակարյանն արձանագրում է, որ այդ երկրի պաշտոնական վիճակագրության մեջ ՀՀ–ի հետ առևտուրը գրեթե 0 է, քանի որ բոլոր ապրանքները մինչ օրս ներկրվել ու արտահանվել են միջնորդ կազմակերպությունների անուններով, օրինակ՝ վրացական։
Հայաստանում վիճակագրությունը ապահովվում է այնքանով, որքանով որ ներկրված ապրանքները ներկայացվում են որպես թուրքական ծագում ունեցող։ Իսկ այն ապրանքները, որ ՀՀ են գալիս որպես Վրաստանից ներկրված, շատ հաճախ գրանցվում են իբրև վրացական։ Այս մեխանիզմի հետևանքով առկա վիճակագրությունը խեղաթյուրված է։
«Մենք թվեր ենք ցույց տվել, իբր, 100-ավոր միլիոնների առևտուր ունենք Վրաստանի հետ, բայց այդ առևտուրը իրականում նաև թուրքական ապրանքներն են եղել, որոնք ուղղակի բերվել են Վրաստանի միջոցով և վերագրվել Վրաստանին։ Այս իմաստով Վրաստանի դերը ՀՀ արտաքին առևտրի հաշվեկշռում տարիներ շարունակ ուռճացված»,–նշում է Մակարյանը։
ՀՀ–ից արտահանվող ապրանքների շարքում տնտեսագետն առանձնացնում է առաջին հերթին հում կաշին, որի արտահանումը ժամանակին տարեկան մինչև 2000 տոննայի էր հասնում։ Հայաստանը արտահանում է և կարող է Թուրքիային մատակարարել մետաղի ջարդոնի հիմքով արտադրված ամրաններ, մետաղական կարծր կոնստրուկցիաներ, խողովակներ և շինարարության մեջ օգտագործվող այլ ապրանքներ։
Միաժամանակ, Մակարյանը, սակայն, փաստում է, որ այս ապրաքների արտահանման համար Թուրքիան եզակի երկիր չէ։ Հայկական կաշին այսօր պահանջարկ ունի Իտալիայում, իսկ մետաղական արտադրանքը մեծ սպառում ունի նաև ՌԴ–ում։
Միակ բանը, որտեղ Հայաստանը կարող է շահել Թուրքիայի հետ սահմանների բացումից կամ ուղղակի առևտրից, Գագիկ Մակարյանի դիտարկմամբ, Թուրքիայի տարածքով դեպի 3-րդ երկրների, մասնավորապես` եվրոպական շուկա դուրս գալն է։
Բայց այս պոտենցիալ հնարավորությունը, նրա խոսքով, նախ պետք է ամենայն լրջությամբ համեմատվի ՀՀ–ի համար հնարավոր վտանգների հետ։
Նշենք, որ ՀՀ ՊԵԿ տվյալներով` 2024թ–ին ՀՀ–ից Թուրքիա արտահանումը կազմել է 377 000 դոլար, ներմուծումը` 3 354 700։ 2025 թ.-ի տարեկան տվյալները դեռ հրապարակված չեն։