Իրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային. Խամենեի
21:32 01.04.2026 (Թարմացված է: 21:40 01.04.2026)

© Photo : khamenei.ir
Բաժանորդագրվել
Թրամփն այսօր հայտարարել էր, թե հրադադարի խնդրանք է ստացվել Իրանից։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Իրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային։ Այս մասին իր X-ի էջում երկար ժամանակ անց առաջին անգամ գրել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
«Ես վճռականորեն հայտարարում եմ, որ Թեհրանի հետևողական քաղաքականությունը դիմադրությունը շարունակելն է»,– գրել է նա։
Համանման հայտարարություն էր ավելի վաղ արել Իրանի արտգործնախարարությունը, նշելով, որ իրանական հանրությունը պատրաստ չէ նույնիսկ քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի նոր առաջնորդը «նվազ արմատական է և զգալիորեն ավելի խելացի է», քան իր նախորդները, և Իրանից իբր հրադադարի խնդրանք է ստացվել։ Թրամփն ընդգծել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է հրադադարը դիտարկել միայն այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցը բաց և ազատ կլինի նավագնացության համար։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: