Դավիթ Գալստյանի խափանման միջոցները մասնակի փոխվեցին․ մանրամասներ
19:09 05.03.2026 (Թարմացված է: 19:17 05.03.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Դավիթ Գալստյանն առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով պետք է ՄՌՏ հետազոտություն անցնի, սակայն էլեկտրոնային սարք կրելու պատճառով դա անհնարին է եղել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի (անցնում է «Սրբազան պայքարի» գործով) խափանման միջոցները մասնակի փոխվեցին։
Նշենք, որ նրա նկատմամբ 2025 թվականի նոյեմբերի 20-ից կիրառվել էին վարչական հսկողություն և բացակայելու արգելք։
Գալստյանի փաստաբան Սլավիկ Պողոսյանը նշեց, որ շատ կոշտ խափանման միջոցներ են կիրառված իր պաշտպանյալի նկատմամբ։
«Դավիթ Գալստյանը էլեկտրոնային սարք է կրում, բայց նա ունի առողջական խնդիր ու անհրաժեշտ է, որպեսզի ՄՌՏ հետազոտություն անցնի։ Այդ սարքով դա անհնարին է, չնայած մենք մի քանի անգամ դիմել ենք թույլտվություն ստանալու համար։ Իր խնամքին Դավիթ Գալստյանն ունի 2-ն ուսանող և մեկ դպրոցական երեխա, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող ծնողներ։ Նա ցանկանում է հավելյալ աշխատել նաև գիշերային ժամերին, սակայն սահմանափակումներ կան։ Արցախից տեղահանվելուց հետո, ինչպես նաև մի քանի ամիս կալանքի տակ գտնվելու հետևանքով ընտանիքում ֆինանսական խնդիրներն ավելի են շատացել։ Միջնորդում եմ Դավիթ Գալստյանի նկատմամբ սահմանափակումներից՝ երեկոյան ժամը 22։00-ից մինչև առավոտյան 08։00-ն իր բնակության վայրը չլքելու և մարդաշատ վայրեր այցելելու արգելքը վերացնել»,- ասաց փաստաբանը։
Նա միջնորդեց նաև վերացնել էլեկտրոնային սարքը մշտապես կրելու պարտականությունը։ Պողոսյանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը պետք է նաև շաբաթը 2 անգամ ներկայանա Պրոբացիայի ծառայություն, ուստի միջնորդում է, որ դա էլ մեղմացվի ու շաբաթական մեկ անգամ ներկայանա։
Սլավիկ Պողոսյանը դատարանին և մեղադրող կողմին ներկայացրեց բժշկական անհրաժեշտ փաստաթղթերը։
Դավիթ Գալստյանը շեշտեց, որ գիշերներն աշխատելու անհրաժեշտություն կա ֆինանսական վիճակից ելնելով, սակայն դատավոր Կարեն Ֆարխոյանն էլ հետաքրքրվեց, թե առողջական խնդիրների պայմաններում ինչպես է դա իրականացնելու։
«2 ուսանող, 1 դպրոցական երեխա ունեմ, բա ի՞նչ պետք է անեմ, որ չաշխատեմ, ճարս ինչ։ Բժիշկն ասել է, որ ՄՌՏ հետազոտությունից հետո միայն կարող են հստակ բուժում և դեղորայք նշանակել, բայց չեմ կարող, որովհետև սարք կա ամրացված։ Ամեն դեպքում, ցուցումով պետք է նաև լողի գնամ, պրոբացիայի ծառայությունից հայտնեցին, որ 5 րոպեն մեկ պետք է ջրից դուրս գամ, որպեսզի սարքն աշխատի»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Դատախազր Գորիկ Հովակիմյանը նշեց, որ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը բավարար հիմնավոր փաստերով չի ներկայացվել, ոչ էլ փաստաթղթերն են հիմնավոր։ Վստահեցրեց, թե ինքը դեմ չէ, որպեսզի մեղադրյալը հետազոտություն անցնի ու ստանա անհրաժեշտ բուժում։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, միջնորդությունը մասնակի բավարարվեց։
«Էլեկտրոնային սարքը կհանվի, որպեսզի ՄՌՏ հետազոտություն անցնեք, ժամային սահմանափակումներն էլ կհանվեն։ Մյուս պայմանը՝ շաբաթական 2 անգամ Պրոբացիայի ծառայություն ներկայանալը, մնում է անփոփոխ»,- ասաց Ֆարխոյանը։
Ինչ վերաբերում է մարդաշատ վայրեր այցելելու սահմանափակումներին, ապա դատավորը բացատրեց՝ խոսքը զվարճանքի վայրերի և ժողովների մասին է, բայց եկեղեցի որևէ մեկը չի կարող արգելել այցելել։ Ֆարխոյանն ընդգծեց՝ իր կայացրած այս որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր 2025–ի հունիսի 25–ից։ Օգոստոսի 22–ին նրա կալանքի ժամկետը երկարացվեց, իսկ հոկտեմբերի 9–ին խափանման միջոցը փոխվեց. նշանակվեց տնային կալանք, գրավ՝ 5 մլն դրամի չափով և բացակայելու արգելք։
Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։