Սամվել Կարապետյանը կարող է պրոֆեսիոնալ և ուժեղ կառավարություն ստեղծել. ՀՀ 1–ին նախագահ
19:28 02.03.2026 (Թարմացված է: 19:32 02.03.2026)

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Առաջին նախագահի խոսքով` Սամվել Կարապետյանի ընտրվելով կվերանա նաև պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական և ազգադավ արշավը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ունակ է իր շուրջը համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն։ Այսօր «Ֆեյսբուքում» նման գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա կարծիքով` Կարապետյանի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։
«Վստահաբար կարելի է հավաստել, որ իր հաղթանակի պարագայում նա չի հրաժարվի Հայաստանի և այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի ևս կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա նաև Պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական և ազգադավ արշավը, ինչը հաստատաբար կվերականգնի ողջ հայության միաբանությունը»,– նշել է առաջին նախագահը։
Նշենք, որ փետրվարի 27–ին էլ ՀՀ առաջին նախագայ Լևոն Տեր–Պետրոսյանը նշել էր, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։