«Վերահաստատում ենք մեր հավատարմությունը». Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցների հայտարարությունը
00:19 20.02.2026 (Թարմացված է: 01:05 20.02.2026)
Բաժանորդագրվել
25 եպիսկոպոսները կոչով դիմել են ոչ միայն ՀՀ իշխանությանը, այլև կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներին։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները ՀՀ իշխանությանը հորդորում են դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները, գործել Սահմանադրությամբ և հակասությունները լուծել երկխոսության միջոցով։ Նրանք «Ֆեյբսուք» սոցիալական ցանցում հայտարարություն են տարածել, որից պարզ է դառնում, որ Փաշինյանի «բարենորոգման» ծրագրին ոչ թե 10, այլ 8 սրբազան է միացել։
Հայտարարությունը ստորագրած 25 հոգևորականներից մեկը Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն է, որի անունը նշված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած «փաստաթղթի» տակ։
Հոգևորականները կոչ են անում իշխանությանը`
դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,
վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,
գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։
Եպիսկոպոսները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» ծրագրին միացած հոգևորականներին հորդորել են գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ, ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես եկեղեցու լիազոր ատյաններում, ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից։
«Այս շրջագծում Սուրբ պատարագներին Վեհափառ հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց եկեղեցու միասնությանը։ Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն ենք նկատում Հայ եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։ Հայ եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն հայոց կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության»,– ասված է հայտարարությունում։
Բարձրաստիճան հոգևորականներն ընդգծել են` եկեղեցին պիտի անշեղորեն շարունակի իր սրբազան առաքելությունը՝ անկախ արտաքին ճնշումներից՝ հավատարիմ մնալով Սուրբ Ավետարանին և Հայաստանյայց առաքելական սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը։
Խորապես մտահոգված լինելով Բաքվում Արցախի ղեկավարության նկատմամբ իրականացված կեղծ դատավարությամբ և անօրինական վճիռներով՝ նրանք կոչ են ուղղում միջազգային հանրությանը և քույր եկեղեցիներին` շարունակելու ջանքեր ներդնել պատանդառված հայորդիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:
