Մոդուլային ռեակտորները կարող են ամենաարդյունավետ տարբերակը լինել ՀՀ–ի համար․Մարցինկևիչ

© Sputnik / Vitaliy Belousov
Բաժանորդագրվել
Ռուսական նախագիծը փորձարկվել է Հյուսիսային ծովային ուղու պայմաններում, սառույցի վրա սառցահատների մշտական հարվածներով, հզորության տարբեր մակարդակներում, և ռուս փորձագետը կարծում է, որ այն կարող է կիրառվել սեյսմիկ վտանգավոր տարածաշրջանում գտնվող Հայաստանում:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Մոդուլային ռեակտորները կարող են ամենաարդյունավետ տարբերակը լինել Հայաստանի համար։ Այս տեսակետը հայտնեց էներգետիկայի ոլորտի ռուս փորձագետ, «Գեոէներգետիկա Ինֆո» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Երևան-Մինսկ-Տաշքենդ-Սուխում տեսակամրջի ժամանակ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում 5 պոտենցիալ գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ:
«Ինչ վերաբերում է փոքր ռեակտորների շուրջ ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ բանակցություններին, դա հրաշալի է։ Ընդհանուր առմամբ աշխարհում կա ավելի քան 80 փոքր հզորության ատոմակայանների նախագիծ, մինչ օրս իրականացվել է ընդամենը 2-ը, երկուսն էլ՝ Ռուսաստանում: 2019 թվականից գործում է «Ակադեմիկոս Լոմոնոսով» լողացող ատոմային ջերմաէլեկտրակայանը, որն առափնյա ցանցերին (Չուկոտկայի ինքնավար շրջանի Պևեկ քաղաք) տալիս է 70 ՄՎտ։ Արդեն վեցերորդ տարին է` որևէ խնդիր չի հայտնաբերվել։ «Ռիթմ-200Ն»-ը ևս նույն 55 ՄՎտ հզորությամբ ռեակտորն է, որն օգտագործվում է վերջին սերնդի ատոմային սառցահատների վրա, բայց վերգենտյա տարբերակով կառուցվում է Յակուտիայում», - Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Մարցինկևիչը։
Նրա խոսքով՝ մոդուլային ԱԷԿ կառուցվել է նաև Չինաստանում, սակայն դա փորձնական նախագիծ է. չինական ատոմային մասնագետներն առայժմ յուրացնում են նման տեխնոլոգիաները: Բացի այդ, Չինաստանը դեռ չունի ռադիոակտիվ ճառագայթման ազդեցության ենթարկված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիա: Մարցինկևիչի խոսքով՝ Ռուսաստանում այդպիսին կա, և «Ռոսատոմի» ստանդարտ պայմանագրերը, այդ թվում՝ մոդուլային ատոմային էլեկտրակայանների կառուցման համար, ուղեկցվում են ոչ միայն միջուկային վառելիքի մատակարարման պայմանագրերով, այլև օգտագործած վառելիքի վերամշակմամբ։
Էներգետիկայի ոլորտի փորձագետը նաև հայտնեց, որ Ուզբեկստանում արդեն ընտրել են «Ռիթմ-200Ն» ռեակտորը։ Անցյալ տարվա հոկտեմբերին «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և «Ուզատոմի» ղեկավար Ազիմ Ահմեդհաջաևը Ջիզակի մարզում տվել են փոքր հզորության ԱԷԿ-ի կառուցման մեկնարկը:
«Կարծում եմ, որ «Ուզատոմի» ընտրությունը բոլորովին պատահական չէր։ Նրանք եղել են Պոդոլսկում, որտեղ արտադրվում են ռեակտորները, և Նիժնի Նովգորոդում, որտեղ արտադրվում են բաղադրիչները, և գնահատել, այնպես որ այստեղ խնդիր չեմ տեսնում», - ասաց «Գեոէներգետիկա Ինֆո» ամսագրի գլխավոր խմբագիրը։
Մարցինկևիչը հավելեց, որ Պոդոլսկի ձեռնարկությունում աշխատանքներ են տարվում միանգամից 10 փոքր ռեակտորների վրա: Փորձագետը նշեց, որ ռուսական նախագիծը փորձարկվել է Հյուսիսային ծովային ուղու պայմաններում, սառույցի վրա սառցահատների մշտական հարվածներով, հզորության տարբեր մակարդակներում և, նրա կարծիքով, կարող է կիրառվել սեյսմիկ վտանգավոր տարածաշրջանում գտնվող Հայաստանում:
Ինչ վերաբերում է խոշոր և փոքր ԱԷԿ-ների միջև ընտրությանը, ապա, ըստ Մարցինկևիչի, մոդուլային ռեակտորների տարբերակն իսկապես կարող էր օպտիմալ լինել Հայաստանի համար:
«Հայաստանի էներգահամակարգի համար խոշոր ատոմակայանը բացարձակապես իմաստ չունի։ Ռեակտորները սիրում են աշխատել մեկ հզորությամբ: Եթե դուք տեղադրեք գիգավատտանոց ռեակտոր, ինչպե՞ս եք այն կարգավորելու: Ստիպված կլինեք լրացուցիչ ինչ-որ այլ բան անել, բայց դրանից նախագիծը միայն կթանկանա», - ասաց նա:
Միաժամանակ Մարցինկևիչն ընդգծեց, որ տնտեսական արդյունավետության ստուգումը պետք է իրականացնի հենց երկիրը, որը փոքր ռեակտորներ է ուզում տեղադրել: Միայն Հայաստանը պետք է գնահատի՝ դա իրեն պե՞տք է, թե՞ ավելի լավ է ձեռնպահ մնալ։