Թակարդային ձևակերպում. փաստաբանը` անհետ կորածներին վերաբերող նոր օրինագծի բացերի մասին

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Անհետ կորածների հարազատների ունեցած տեղեկություններով` Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները երկուստեք հրաժարվել են ԿԽՄԿ–ի ու այլ միջազգային սուբյեկտների միջնորդությունից։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության ներկայացրած օրինագծերի փաթեթը, որը վերաբերում է անհետ կորածներին, որոշակի հստակություն ապահովելու միտում ունի, բայց չի տալիս բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը, որը նույնպես անհետ կորածի հարազատ է և այդ խնդրով զբաղվում է 44-օրյա պատերազմից հետո։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարի 16-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ներկայացրեց «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որով, ըստ նրա, ՀՀ–ում հստակ կսահմանվի` ով է համարվում անհետ կորած անձ։
Սողոյանը որպես դրական փոփոխություն նշեց անհետ կորածների հարցերով զբաղվող կառույցների հստակեցումը։ Մինչ օրս որոնողական աշխատանքներով զբաղվում էր ՆԳՆ–ն, իսկ այլ հարցերով` հասարակական հիմունքներով գործող միջգերատեսչական հանձնաժողովը։ Նոր օրենքի համաձայն` որոնողական աշխատանքների պատասխանատու կառույցը լինելու է ԱԱԾ–ն։
«Մեր հիմնական խնդիրը 5-ը տարիների ընթացքում, հատկապես 20 թվականի պատերազմից հետո, եղել է հաշվետվողականության բացակայությունը։ Հիմա ընդամենն արձանագրվել է, որ էդ հաշվետվողականությունը պիտի լինի, բայց թե ինչ սահմաններում, ինչպիսի ջանասիրությամբ, ինչ մանրամասներով, դրանք սահմանված չեն, և դեռևս մեզ համար անհայտ է։ Մենք հասկանում ենք, որ այս ժամանակը, որը կորցրել է պետությունը, մեծ հաշվով անդառնալի է, որովհետև ինչքան ժամանակը հոսում է, այդքան այդ տվյալների գեներացումն ավելի ուշանում է»,– ընդգծեց փաստաբանը։
Մյուս կողմից, սակայն, նրա խոսքով, օրինագիծը դարձյալ չի լուծում անհետ կորածների հարազատներին տեղեկություններ տրամադրելու հարցը։
Ըստ Սողոյանի` ոչ միայն պարզ չէ, թե ով պետք է տրամադրի և ինչ ծավալով, այլև նախագծում «թակարդային ձևակերպում» կա։ Նշվում է` «օրենքով թույլատրելի սահմաններում», բայց թե ով ու ինչպես պետք է որոշի «թույլատրելիության» սահմանը, չի հստակեցվում։
«Եթե մարդը 5, 6 կամ 7 տարի անորոշության մեջ է ապրում, ո՞վ պետք է որոշի այն թույլատրելի սահմանը, թե ինքը ինչքան պետք է իմանա իր հարազատի ճակատագրի մասին։ Ես այստեղ օրենսդրական վտանգ եմ տեսնում։ Օրինակ` երբ մենք քննիչներին էինք հարցնում, որովհետև այլ եղանակ չունեինք ուղղակի պետական մարմիններին հարցնելու, իրենք պաշտպանվում էին նախաքննական գաղտնիքով։ Հիմա սա վերաձևակերպել են։ Անհետ կորած անձանց մասին օրենքով ու գրել են «օրենսդրությամբ թույլատրելի սահմաններում», բայց թե թույլատրելին որն է, ինձ համար գոնե այս պահին անորոշ է»,– նշեց Սողոյանը։
Անհետ կորածներին վերաբերող ամենախնդրահարույց հարցերից մեկը եղել և մնում է մասունքների նույնականացման արդյունքների հետ հարազատների անհամաձայնությունը։ Ուստի մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե օրենքը կարգավորում է արդյոք այդ հարաբերությունները։ Պարզվեց` նոր օրենքը այս հարցը ևս թողել է բաց։
«Մենք ունենք մոտ 30 ընտանիք, որոնք հրաժարվում են քաղաքացիական դատավարության կարգով անհետ կորած ճանաչելու կարգավորումներով գործընթացի մեջ մտնելուց ընդհանրապես»,– ասաց Սողոյանը:
Նա հավելեց, որ Քաղաքացիական օրենսգրքով անհայտ բացակայող է ճանաչվում այն անձը, որի մասին 3 տարի տեղեկություններ չեն լինում։ Մինչդեռ պատերազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների փնտրտուքը, նրանց հարազատների համոզմամբ, պետք է անջատ լինի քաղաքացիական օրենսդրությամբ սահմանած գույքային կամ սոցիալական իրավահարաբերություններից։
«Մենք ասում ենք, որ դրանք իրար հետ պետք չէ խառնել, այսինքն` եթե անձի մասին 72 ժամ տվյալ չկա, նա այս օրենքի ուժով պետք է համարվի անհետ կորած, ու նրան պետք է սկսել փնտրել անկախ գույքային հարցով դատարանի որոշումից։ Եվ միևնույն ձևով էլ, եթե, օրինակ, անհետ կորածին 3 տարի չկարողացան գտնել և քաղաքացիական դատավարության կարգով մահացած ճանաչեցին, գույքը ժառանգեցին և այլն, դա իր բնույթով չպիտի ազդի, որ մարդասիրական կոնտեքստում շարունակեն փնտրել այդ անձին կամ նրա մասունքները»,– ասաց Սողոյանը։
Թե իրականում 44-օրյա պատերազմից հետո ինչպես է կատարվել ու կատարվում անհետ կորածների փնտրտուքը, հարազատները շատ քիչ տեղեկություն ունեն։ Հետախուզումը, նրանց խոսքով, իրականացվում է կատարյալ գաղտնիության պայմաններում, հատկապես որ այդօր արդեն հնարավոր չէ ֆիզիկապես գնալ նախկին պատերազմական շրջաններ ու տեղում աշխատանքներ կատարել։
«Իշխանությունները, թաքնվելով այդ գաղտնիության ներքո, հայտարարում են, որ բանակցում են Ադրբեջանի հետ։ Բայց այդ բանակցությունները գաղտնի են։ Ասում են` աշխատանքներ են տարվում, բայց այդ աշխատանքները գաղտնի են։ Մի կողմից տպավորություն է ստեղծվում, որ աշխատանք կա, բայց ռեալ հաշվետվողականություն չեն ապահովում»,– պարզաբանեց մասնագետը։
Նա նշեց, որ որոնողական աշխատանքներով մինչ օրս զբաղվել է ԱԱԾ–ն, իսկ ներքին քննություններով` քննչական կոմիտեն։ Այդ աշխատանքներին որոշակի իմաստով փոխկապակցված է եղել նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, առնվազն մինչև Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը։ Բայց վաշինգտոնյան համաձայնագրերի համատեքստում ՄԻԵԴ–ում այս հայցերի բարձրացումը (գոնե պետական մակարդակով) այսօր արդեն խիստ անորոշ է դարձել։
Մեկ այլ միջազգային կառույց` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որն անհետ կորածների ծնողների համար քիչ թե շատ վստահելի կառույց է և տրամաբանորեն պետք է ներգրավված լիներ որոնողական աշխատանքներում, ըստ հարազատներին հասած տեղեկությունների` նույնպես դուրս է մնացել գործընթացից։
«Մենք ունենք տեղեկություններ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները երկուստեք հրաժարվել են ԿԽՄԿ–ի և այլ պետությունների միջնորդությունից, հետևաբար այս գործընթացը լրիվ փակ ֆորմատով է իրականացվում, ուստի այդ փաստի ուժով չեմ կարող որևէ դատողություն անել այդ գործընթացի վերաբերյալ,– եզրափակեց Սողոյանը։
Հիշեցնենք` արդարադատության նախարարության հեղինակած նախագիծն արդեն ստացել էր կառավարության հաստատումը և ներկայացվել ԱԺ։ Գլխադասային հանձնաժողովի նիստում քննարկվելուց հետո այն ներկայացվել էր ԱԺ առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելու համար։
Բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարից ԱԺ ներկայացված գրության համաձայն՝ «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանվել է խորհրդարանի այս շաբաթվա նիստի օրակարգից: