Նիկոլ Փաշինյանն օրենք է խախտում․ սահմանադրագետը՝ «բարենորոգման» հայտարարության մասին

© Photo : Social media of Nikol Pashinyan
Բաժանորդագրվել
Սահմանադրագետը վստահ է, որ այս ամենը հոգևոր արժեքների հետ կապ չունի, պետք է դիտարկել նախընտրական և արտաքին ազդեցության համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Երբ Նիկոլ Փաշինյանը` որպես ՀՀ վարչապետ, փաստաթուղթ է ստորագրում եկեղեցու գործերին միջամտելու վերաբերյալ, օրենք է խախտում, և դա հստակորեն քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով հունվարի 4-ին ստորագրված «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման» հայտարարությունը։

Գոհար Մելոյան
© Sputnik / Aram Nersesyan
Նա նշեց, որ ի տարբերություն եկեղեցականների, որոնց իրավունքները սահմանափակված չեն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, վարչապետի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների համար լիազորությունների հստակ սահմանափակում կա՝ ինչ է կարող անել և ինչ չի կարող անել, և ստորագրված փաստաթուղթն իր բնույթով և բովանդակությամբ ներառված չէ վարչապետի կողմից ստորագրվող փաստաթղթերի ցանկում։
«Հետևաբար այս փաստաթուղթն ի սկզբանե զուտ տեխնիկական առումով մեր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, ամենակարևորը՝ Սահմանադրությամբ, հակասահմանադրական, հակաիրավական, իսկ բովանդակությամբ նաև հակահայկական փաստաթուղթ է։ Եվ ուղղակիորեն նման գործողությունների համար մեր Քրեական օրենսգիրքը հետևանքներ է նախատեսում»,- ասաց սահմանադրագետը։
Նա ընդգծեց՝ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով հստակ սահմանվում է՝ պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու և եկեղեցականների փոխհարաբերություններին։ Փաշինյանի ստորագրած հայտարարության մեջ նաև գործողությունների հերթականություն է նշվում, իր խոսքերով՝ «եկեղեցու պետի հեռացում, կաթողիկոսի տեղապահի ընտրություն և այլն։ Ուստի երբ Փաշինյանը՝ որպես ՀՀ վարչապետ, ստորագրում է փաստաթուղթ՝ եկեղեցու և եկեղեցականների փոխհարաբերություններին միջամտելու վերաբերյալ, կրկին հստակ օրենքի խախտում է անում։ Եվ դա անում է, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, վարչական ռեսուրսը, օգտագործելով ուժային կառույցները և այլն։
Մելոյանը վստահ է՝ այն, ինչ տեղի է ունենում, կապ չունի կոնկրետ անձի կամ հոգևոր արժեքների պաշտպանության հետ, ընդամենը հստակ հաշվարկված, պլանավորված քաղաքական գործընթաց է, որն ավելի շուտ պետք է դիտարկել նախընտրական արշավի կամ արտաքին ազդեցության համատեքստում։
«Ես համոզմունք ունեմ, որ սա արվում է այս հազարամյա կառույցը քաղաքական գործընթացներից հեռացնելու և քաղաքական խոսույթից զրկելու համար»,- նշեց Մելոյանը։
Նա ուրախ է, որ չնայած այն ամբողջ վարչական ռեսուրսին, որը ներդրվում է «եկեղեցին բարենորոգելու» արշավում, քչերն են ողջունում և կանգնում Փաշինյանի կողքին։ Սա հստակ ցույց է տալիս, որ այս շարժումը ժողովրդական աջակցություն չունի։
Այն, որ կատարվողը կապ չունի «բարենորոգման» հետ, ըստ Մելոյանի՝ հստակ երևում է նաև եպիսկոպոսների այն ցանկից, որոնց միջոցով իբրև թե փորձ է արվում դա անել։ Նրանցից շատերը բազմիցս տարբեր սկանդալների կենտրոնում են հայտնվել, և անհեթեթ է այն պնդումը, թե նրանք իրենց մեղքն ընդունում են, ապաշխարում են, ուրեմն կարող են արդեն «բարենորոգել» հազարամյա կառույցը։
Մելոյանը վստահ է՝ որ սա ևս մեկ միջոց է ազգին պառակտելու, բաժանարար գծեր ավելացնելու համար։ Սահմանադրագետը հիշեցրեց հայտնի միտքը՝ «բաժանիր, որ տիրես»։
Ինչ վերաբերում է «հոգևորականը չի կարող քաղաքականությամբ զբաղվել» ձևակերպմանը, այն դաշտ է նետվում այսօր, երբ շատ եկեղեցականների դիրքորոշումն ու խոսույթն օրվա իշխանություններին դուր չի գալիս։ Մելոյանը հարց է ուղղում` իսկ ինչո՞ւ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները նույն բանը չէին ասում, երբ բազմաթիվ հոգևորականներ աջակցում էին «թավշյա հեղափոխությանը» կամ մասնակցում ցույցերին։
Հոգևորականները քաղաքական հայացքներ ունենալու և դրանք արտահայտելու իրավունք ունեն, և այդ իրավունքները երաշխավորված են Սահմանադրությամբ ու օրենքներով։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ Սահմանադրությամբ հայ ազգային եկեղեցուն բացառիկ կարգավիճակ է շնորհվել։ Հայ եկեղեցին բացառիկ է ոչ միայն Հայաստանի ու հայերի, այլև աշխարհի մասշտաբով, քանի որ աշխարհում պահպանված հնագույն ինստիտուտներից է։
«1700 տարեկան կառույց։ Կարո՞ղ եք աշխարհում 2-րդ այդպիսի ինստիտուտ հիշատակել, որ կանոնավոր շարունակական հարատևություն է ունեցել։ Հայ ազգի հենասյուներից մեկը հենց եկեղեցու այդ շարունակականությունն է և եկեղեցու՝ քաղաքական պրոցեսների միջամտելու հնարավորությունն ու թույլտվությունը։ Բազմաթիվ պատմական օրինակներ կան, որոնք փաստում են՝ քաղաքական ճգնաժամերի ժամանակ լուծումներ փնտրելու, գտնելու և հայ ազգին տալու շնորհիվ է եղել, որ այդ ճգնաժամերը հաղթահարվել են։ Եվ պատահական չէ նաև, որ սահմանադիրը եկեղեցու բացառիկությանը վերաբերող ձևակերպման մեջ ընդգծում է` եկեղեցին բացառիկ է հայ ինքնության պահպանման գործում։ Ուստի երբ թիրախավորվում է Հայ առաքելական սուրբ եկեղեցին, թիրախավորվում է հայ ազգային ինքնությունը»,- նշեց Մելոյանը։
Նա հավելեց՝ այսօր էլ մեր երկիրը դժվարությունների միջով է անցնում, և եկեղեցու դիրքորոշումը շատ կարևոր է։ Բայց եթե նույնիսկ մի կողմ դնենք այսպես ասած հոգևոր հարցերն ու մաքուր իրավաբանության լեզվով խոսենք, եկեղեցականների՝ որպես ՀՀ քաղաքացիների կարծիքի ազատ կամարտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային իրավունքով։ Օրենքը նույնիսկ չի արգելում հոգևորականին ընտրվել, օրինակ, պատգամավոր։
Մելոյանը հստակ ասում է՝ բոլոր նրանք, ովքեր այսօր աջակցում են Փաշինյանին իր հակաեկեղեցական արշավում, պետք է հասկանան՝ իրենք քար են նետում սերունդների ուղղությամբ, որովհետև հայ ազգային ինքնության պահպանման այս կարևորագույն դրոշակակիրն այլևս չի լինի։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։