Երբ հոգեբուժարանում հաշվառված անձը մարդ է սպանում, ո՞վ է պատասխանատուն

© Sputnik / Алексей Сухоруков
/ Բաժանորդագրվել
ՀՀ–ում հոկտեմբեր–դեկտեմբեր ժամանակահատվածում 6 մարդ է սպանվել հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ձեռքով։ Համակարգային խնդիրները վերլուծելու համար Sputnik Արմենիան զրուցել է ոլորտին առնչվող մասնագետների հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Եթե հոգեկան խնդիր ունեցող անձը ազատության մեջ է ու ծանր հանցագործություն է կատարում, նշանակում է ոստիկանություն–դատարան– հոգեբուժական հաստատություն շղթայի օղակներից մեկը թերացել է իր աշխատանքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը` մեկնաբանելով վերջին ամիսներին ՀՀ–ում գրանցված սահմռկեցուցիչ հանցագործությունները։
Օրերս Գյումրիում 37-ամյա տղամարդը դանակահարելով սպանել է 64-ամյա հորն ու 63-ամյա մորը։ Ահազանգը հնչեցրել են հարազատները` հայտնելով, որ ամուսինները չեն արձագանքում զանգերին ու դռան թակոցներին։ Փրկարարները բացել են դուռն ու հայտնաբերել դիերը։ Ոչ պաշտոնական տեղեկություններով` սպանության համար մեղադրվող որդին 7 տարի առաջ ևս սպանության փորձ է արել ծնողների նկատմամբ և հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում։
Այս դեպքից 2 ամիս առաջ` հոկտեմբերին, սարսափելի սպանություններ տեղի ունեցան Կոտայքի մարզում` 61-ամյա տղամարդը դաշտում սպանեց հարևան ամուսիններին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն անձը սպանության գործիք հրազենը ձեռքին հասել է Զովաշեն գյուղ, որտեղ մեկ այլ երիտասարդ զույգի է սպանել այն բանի համար, որ փորձել է վերցնել նրանց մեքենան ու դիմադրության էր հանդիպել։ 4 մարդու սպանության մեջ մեղադրվող տղամարդն անմեղսունակ է ճանաչվել։ Փորձաքննության եզրակացության հիման վրա քրեական վարույթը փոխակերպվել է բժշկական հարկադրանքի վարույթի։ Տղամարդը տեղափոխվել է մասնագիտացված բուժհիմնարկ։
Ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն, անմեղսունակ ճանաչված տղամարդն իր զոհերին կրակել է իր անվամբ գրանցված որսորդական հրացանով։
Եթե վտանգավոր չէ, 4 մարդու ինչպե՞ս է սպանել
«Սարսափելի օրինակ է` անձը հաշվառման մեջ է եղել, բայց նորից հանցանք է կատարել։ Սա նշանակում է, որ այստեղ բնականոն, նորմալ, ողջամիտ բան չկա։ Ես չեմ բացառում նաև` հակաիրավական բան լինի, որովհետև եթե նա հայտնվել է դրսում, ուրեմն եղել է եզրակացություն, որ նա վտանգավոր չէ։ Բայց եթե վտանգավոր չէ, 4 մարդու ո՞նց է սպանել»,– վերը նշված դեպքին այսպես արձագանքեց նախկին փոխոստիկանապետը։
Քոչարյանն ընդգծեց`եթե անձը վտանգ է ներկայացնում հասարակության համար, բայց ազատության մեջ է, նշանակում է բուժական միջոցառումները անարդյունավետ են եղել, բուժումը` ոչ լիարժեք։
«Ամեն կոնկրետ դեպք, այդ թվում` այս դեպքը, պետք է դառնա քննության առարկա, և պետք է հասկանալ՝ անձը դադարե՞լ էր վտանգ ներկայացնել, որ հայտնվել է ազատության մեջ։ Հարկավոր է հասկանալ, թե այս շղթայի որ օղակի մեղքով է անձը հայտնվել ազատության մեջ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հանցանքը։ Այս հարցը վաղ թե ուշ պիտի լուծում ստանա։ Ինչո՞ւ չեն կարողանում այս անձանց մեկուսացնելու էֆեկտիվ մեխանիզմներ առաջարկել»,– ասում է մեր զրուցակիցը։
Սեփական աշխատանքային փորձից ելնելով` նախկին պաշտոնյան կարծում է, որ խնդիրը հարկադիր հոգեբուժական բուժման համար սահմանված շատ բարձր չափորոշիչներն են, որոնց պատճառով բավական մեծ խումբ անձանց նկատմամբ հարկադրանքի այս միջոցը չի կիրառվում։
«Պիտի կոնկրետ դեպքերի վերլուծության հիման վրա կարողանանք տեսնել՝ այս շղթայով անցածը նորից իրավախախտում արել է, թե ոչ։ Եթե, օրինակ, 2-3 դեպք էլ հայտնաբերվեց, ուրեմն շղթան փոփոխության ենթակա է, ուրեմն չափանիշները վերանայման ենթակա են, ուրեմն հոգեբուժական կազմակերպությունները ոստիկանության հետ համատեղ անելիք ունեն այս հարցում։ Իսկ ես տեսնում եմ, որ ունեն»,– նշում է մասնագետը։
Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք, Քոչարյանի խոսքով, պետք է գտնվեն համայնքային ոստիկանների տեսադաշտում, պրոֆիլակտիկ հաշվառման մեջ` որպես ռիսկային, հանցածին, hանցանպաստ վարք դրսևորող անձինք, մանավանդ եթե առանձին բռնության դեպքերով արդեն նկատվել են։
«Դա, իհարկե, չի նշանակում, որ ոստիկանությունը պետք է 24 ժամ նրանց հետևից ման գա։ Չի էլ կարող։ Բայց ոստիկանության համար այս անձանց կողմից կենցաղում թույլ տված մանր–մունր խախտումները, որոնք դեռևս ծանը հետևանքների չեն բերել, պետք է դառնան պատճառ, առիթ, որպեսզի նրանց հոգեբուժական քննությունն ավելի լրջորեն իրականացվի»,– ասում է նախկին փոխոստիկանապետը։
Խանգարում ունեցող անձը դատարանում իրեն կարող է դրսևորել նորմալ, հավասարակշռված մարդու պես և հայտնվել դրսում
Հոգեթերապևտ-հոգեբույժ Կարեն Ասլանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց անձի նկատմամբ հարկադիր բուժում կիրառելու գործող կարգը` իրավախախտում չկատարած, բայց ոչ ադեկվատ, անհանգիստ, ագրեսիվ, սոցիալապես վտանգավոր վարք դրսևորած անձանց դեպքում ոչ հոժարակամ բուժումն իրականացվում է դատարանի որոշմամբ։ Այդ նպատակով 72 ժամվա ընթացքում ստեղծվում է հանձնաժողով, որը որոշում է անձը վտանգ ներկայացնում է շրջապատի համար, թե ոչ։ Եզրակացությունը ներկայացվում է դատարան։ Դատարանի որոշմամբ անձը ստանում է որոշակի ժամանակահատվածով` առավելագույնը մինչև 6 ամիս ժամկետով ոչ հոժարակամ բուժում։
Հանցանքի մեջ մեղադրվող անձանց դեպքում փորձաքննությունը կատարվում է կա՛մ ամբուլատոր, կա՛մ ստացիոնար պայմաններում, այսինքն` անձը այդ ընթացքում գտնվում է բժշկական հաստատությունում։ Փորձագետների կողմից տրվում է եզրակացություն`մարդը մեղսունակ է, թե անմեղսունակ։ Դրանով պայմանավորված էլ որոշվում է նրա հարկադիր բուժման տիպը` կա՛մ ընդհանուր, կա՛մ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում, որը նախատեսված է ավելի ծանր հանցանք կատարած անձանց համար։
«Այդ ընթացքում բժիշկների հանձնաժողովը պարբերաբար զննում է տվյալ անձին։ Եվ եթե իրավախախտի վարքը, հոգեկան վիճակը գնում է դեպի բարելավման, հանձնաժողովը հասկանում է, որ անցել է մի 4-5 տարի, անձը ստացել է բուժում, վիճակը բարելավել է, կարգավորվել է, կրկին դիմում է դատարան։ Դատարանում որոշվում է հիվանդին ընդհանուր տիպի բաժանմունք տեղափոխել, որտեղ որոշակի սահմանափակումներ չկան։ Նույնը այնտեղ է կատարվում` զննվում է բժիշկների, հոգեբանների կողմից, կատարվում են աշխատանքներ։ Եթե ամեն ինչ գնում է դեպի բարելավման, հանձնաժողովի միջամտությամբ գնում է դատարան, դատարանը որոշում է կայացնում, որ արտահիվանդանոցային հարկադրական բուժում ստանա։ Եվ այդ դեպքում արդեն անձը գտնվում է հիվանդանոցից դուրս, իր տարածքային հոգեբույժի հսկողության տակ, որը պետք է ամիսը 1 անգամ հիվանդի զննում իրականացնի»,– պարզաբանում է մասնագետը։
Իսկ եթե անձը ամիսը լրանալուց հետո չի ներկայանում տեղամասային հոգեբույժին, բժիշկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը։
«Չի բացառվում, որ այդ ժամանակաշրջանում անձը գտնվի սուր վիճակում։ Դա կարող է լինել աստիճանաբար, կարող է լինել իրավիճակային, ինչ–որ ազդեցության տակ։ Մենք դեպքեր ենք ունենում, որ հարազատներն են պացիենտներին հասցնում այդ վիճակին։ Հնարավոր է` ինքը, օրինակ, ճանապարհ անցնի, իրեն չզիջեն, վեճ լինի, վեճից հուզական իրավիճակը է՛լ ավելի սրվի, ու նա կարճատև կամ մի փոքր ավելի երկարատև հուզական անկայուն վիճակ ունենա։ Լինում են դեպքեր, երբ այդ պացիենտները հարազատներ էլ չունեն, և հոգեկան վիճակի վատթարացման դեպքում հարևաններն են դիմում ոստիկանությանը, նշում են, որ անձը ոչ ադեկվատ է, իրենց խանգարում է, գիշերը թույլ չի տալիս քնել կամ անհանգիստ է, երեխաներին է վտանգ սպառնում»,– ասում է Ասլանյանը։
Նման դեպքերում ոստիկանությունը պետք է պարզի նրա գտնվելու վայրը և սեփական ուժերով կամ բժիշկների միջամտությամբ տեղափոխի հոգեբուժական կենտրոն։
Բայց բժշկությունը, ինչպես ասում են, ևս կարող է սխալվել, և լինում են դեպքեր, երբ թվացյալ «նորմալ» մարդը հայտնվում է ազատության մեջ, ինչն ավատվում է ողբերգական ու անուղղելի հետևանքներով։
«Երբեմն լինում են կարճատև հոգեկան խնդիրներ, որոնք տևում են ժամեր կամ օրեր։ Այդ ընթացքում հոգեկան վիճակը կարող է հիվանդանոցի պայմաններում, նույնիսկ առանց դեղորայքի, առանց ադապտացիոն շրջանի բարելավվել։ Անձը հասկանա` որտեղ է գտնվում ինքը, ինչ խնդրի առաջ է կանգնել և ինքնատիրապետման շնորհիվ դատական նիստի ժամանակ իրեն դրսևորի շատ նորմալ, հավասարակշռված մարդու պես»,– նշում է հոգեբույժը։
Իսկ թե ինչու է համակարգը թերանում, բժիշկ Ասլանյանի կարծիքով, պատճառներից մեկն էլ կադրերի պակասն է։ Հոգեբույժի ու հոգեթերապևտի բարդ և ծանը մասնագիտությունը քչերին է գրավում, դիմորդները շատ քիչ են։ Գործող տեղամասային հոգեբույժներն էլ ստիպված են լինում օրական 20-25 պացիենտի ընդունել, այսինքն` յուրաքանչյուրին ընդամենը 10-15 րոպե զննել, ինչը, Ասլանյանի գնահատմամբ, բավարար չէ լիարժեք ախտորոշում կազմելու համար։