«Աշխարհագրությունը չի կարելի չեղարկել». Սերգեյ Մարդանը՝ Հարավային Կովկասում ՌԴ դերի մասին

© Photo
Բաժանորդագրվել
Մոսկվան մտադիր է վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային հաղորդման ժամանակ ասաց ռուս քաղաքական մեկնաբան և հրապարակախոս Սերգեյ Մարդանը։
Հարավային Կովկասն առավել քան կարևոր է, և այստեղ ազդեցության համար պետք է և անհրաժեշտ է պայքարել
Հարավային Կովկասի տարանցիկ արժեքն ի սկզբանե ակնհայտ էր բոլորի համար, կարծում է փորձագետը։ Եվ դա չնայած նրան, որ 80-ների վերջին և 90-ների սկզբին տարածաշրջանում սկսվեցին գործընթացներ, որոնք բառացիորեն պայթեցրին այն ներսից։
«Այդ ժամանակ միանգամից մի քանի քաղաքացիական հակամարտություններ սկսվեցին, ինչ-որ տեղ աղմկոտ, ինչ-որ տեղ ոչ այդքան։ Սակայն այդ ժամանակահատվածում դա ոչ ոքի առանձնապես չէր հետաքրքրում։ Ժամանակներն էին այդպիսին, մարդիկ սեփական հոգսերով էին ապրում, դրանց ժամանակը չունեին»,- ասաց նա։
Տպավորություն է ստեղծվել, որ այս ամենը տեղի է ունենում ինչ-որ տեղ աշխարհի խուլ տեղերում, հեռու-հեռու։ Թեև իրականում նման մոտեցումը այն ժամանակ էլ մեծ սխալ էր։ Բավական էր միայն նայել քարտեզին՝ հասկանալու համար, որ աշխարհագրությունը սահմանում է ամեն ինչ, այդ թվում՝ այս տարածաշրջանի առանձնահատուկ արժեքը։ Որոշակի պատկերացում կազմեցին այն ժամանակ, երբ կառուցվեց և շահագործման հանձնվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (Հարավային Կովկասը կապում է համաշխարհային շուկաների հետ՝ շրջանցելով Ռուսաստանը-խմբ․), հավելեց նա։
Մինչև այս պահը գաղտնի պայքար էր ընթանում գլոբալ խաղացողների և բազմազգ կորպորացիաների միջև այս տարածաշրջանում ազդեցության համար: Եվ հենց այդ ժամանակ հանկարծ բոլորի մոտ եկավ այն գիտակցումը, որ Հարավային Կովկասն առավել քան կարևոր է, և դրա համար արժե և պետք է պայքարել, համոզված է քաղաքական մեկնաբանը։ Եվ արևմտյան աշխարհաքաղաքական խաղացողների՝ նույն Եվրամիության և ԱՄՆ-ի ակտիվությունը կարելի է բացատրել հենց այս հանգամանքով։
Թրամփի քաղաքական խաղը և Եվրոպայի փոքր ներուժը
«Ես յուրահատուկ կարծիք ունեմ այն քաղաքական խաղի վերաբերյալ, որը ցուցադրեց ԱՄՆ նախագահը՝ կապված «Թրամփի ուղու» հայտնագործության հետ, որը կապում է Նախիջևանը «մեծ Ադրբեջանին»։ Չեմ հավատում, որ Հարավային Կովկասից այդքան հեռու գտնվող Ամերիկան իսկապես խաղադրույք է կատարում նման համարձակ աշխարհաքաղաքական նախագծի վրա», - ասաց Մարդանը։
Նա սա համարում է յուրօրինակ աշխարհաքաղաքական հատուկ գործողություն՝ «կստացվի՝ լավ, չի ստացվի՝ ոչինչ» ձևաչափով։ Իրականում Ամերիկան չունի այնպիսի գործիքակազմ և ուղղակի մուտք այդ տարածաշրջան, որպեսզի կարողանա ինչ-որ կերպ իրապես ազդել խորքային գործընթացների վրա։ Նույնը վերաբերում է Եվրամիությանը։ Հռետորաբանությունը, որն ընդունված է այնտեղ օգտագործել Հարավային Կովկասի մասին խոսելիս, հասկացությունից և տրամաբանությունից դուրս է, կարծում է փորձագետը, քանի որ ներկա իրավիճակում եվրոպացիներն ակնհայտորեն չունեն իրական քաղաքական և տնտեսական ներուժ, որպեսզի տարածեն և ամրապնդեն իրենց ազդեցությունն այս տարածաշրջանում:
«Միայն մեկ կետում է եղել և առկա է երկարաժամկետ քաղաքական խաղի որոշակի տրամաբանություն, և այն վերաբերում է Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը։ Բրիտանական վերնախավի ներկայացուցիչները 250 և ավելի տարիների ընթացքում իսկապես մշակել են որոշակի իրավասություններ հակամարտությունների կառավարման ոլորտում, այն ոլորտում, որն ընդունված է անվանել փափուկ ուժ։ Հենց նրանք են կարողանում դա վերածել ազդեցության, ինչը, ըստ էության, հենց հիմա էլ տեսնում ենք», - նշեց նա։
ՀՌԳ-ից հետո Ռուսաստանը շատ արագ կլուծի տարածաշրջանային բոլոր խնդիրները
Իսկ Ռուսաստանի համար իրավիճակն այդ տարածաշրջանում այնպես է դասավորվում, ինչպես և հետխորհրդային մյուս բոլոր երկրների դեպքում, կարծում է փորձագետը։ Չորրորդ տարին է, ինչ մարտական գործողություններ են ընթանում ուկրաինական պլացդարմում։ Մոսկվան պարզապես այն խնդիրների ժամանակը չունի, որոնք կուտակվել են և շարունակում են կուտակվել։ Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին, այլև հետխորհրդային տարածքում մնացած բոլորին։
«Քանի դեռ շարունակվում է Հատուկ ռազմական գործողությունը, Ռուսաստանի բոլոր քաղաքական, ֆինանսական, ինտելեկտուալ ռեսուրսները կենտրոնացած են արևմտյան ուղղությամբ։ Ըստ ամենայնի, այս պահին տարածաշրջանային բոլոր խնդիրները «հետո»-ի հետաձգելու գլխավոր գիծ կա։ Իսկ ահա երբ ռազմական գործողություններն ավարտվեն, տարածաշրջանային բոլոր խնդիրները բավականին արագ կլուծվեն, և դա միայն Հարավային Կովկասին չի վերաբերում»։
Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա նրան այժմ անհրաժեշտ է դուրս գալ մեկուսացումից, սակայն հույսը դնել ԱՄՆ-ի կամ Եվրամիության վրա չարժե։ Աշխարհագրությունը ոչ մի կերպ չես չեղարկի, վստահ է Մարդանը։
«Նայում ենք աշխարհի քաղաքական քարտեզին, և այն հուշում է, որ ուժի մի քանի խոշոր տարածաշրջանային կենտրոնների (ինչպես ընդունված է ասել՝ բազմաբևեռ աշխարհ) կայացման ներկա պայմաններում նոր առաջնորդների առաջացումն անհնար է։ Միաժամանակ ակնհայտ է, որ Հայաստանի անվտանգությունը պետք է երաշխավորվի տարածաշրջանային խոշոր տերության կողմից», - կարծում է նա։