Վեհարանը գրոհելու համար փողոց մոբիլիզացնելու ռեսուրս Փաշինյանը չունի. Քոչարյան
16:08 06.12.2025 (Թարմացված է: 16:21 06.12.2025)

© Photo
Բաժանորդագրվել
ՀՀ 2–րդ նախագահն իր տարբերակներ ունի, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն արշավ սկսել եկեղեցու դեմ։ Բոլոր տարբերակների դեպքում էլ նպատակը մեկն է` քանդել մեր ինքնության կարևոր հենասյուներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Այդ մասին իր աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ արշավին։
«Փաշինյանն այսօր փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի, սակայն դա չի նշանակում, որ ձայն չունի։ Լատենտ ինչ–որ մի տոկոս ձայն ունի, որ կգնան, կքվեարկեն իրեն, բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ, վեհարանը գրոհել չի կարող։ Չունի այդ հնարավորությունները, այլապես ԿԳԲ–ի այս մեթոդներով չէր սկսի աշխատել եկեղեցու հետ` կոմպրոմատներով, մարդկանց պատին դեմ տալով ու ստիպելով, որ սա պիտի անես։ Փաշինյանի այս քայլերին ռացիոնալ բացատրություն չեմ տեսնում, սա երևի մի բզիկի նման բան է, որ մտել է գլուխը»,– ընդգծեց Քոչարյանը։
Նրա խոսքով` մեր ազգային ինքնության մեջ եկեղեցին հատուկ տեղ ունի և, ըստ այդմ, կարելի է ենթադրել, թե ինչու է նա որոշել քանդել այն։ ՀՀ 2–րդ նախագահը չբացառեց, որ միգուցե դա նաև նրա համար է արվում, որ Փաշինյանը խոստացել է 300 հազար ադրբեջանցիների հետ բերել ու բերել մի միջավայր, որտեղ մեր ազգային ինքնության կարևոր հենասյուն եկեղեցին պետք է քայքայված լինի։
Ըստ Քոչարյանի` Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ Հայաստանը մշտական վտանգի առաջ լինի` նոր պատերազմի վտանգի առաջ։
«Դա ձեռնտու է նրան մեկ պատճառով, որ խաղաղությունն ուղիղ կապվի իր անձի, իր անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ։ Իրեն ուղղակի օդուջրի պես պետք էր, որ ժողովուրդն այնպիսի սարսափ ունենա, որ անդադար լինի այդ սարսափն ու վախը, որ քվերակությունների ժամանակ ասեն` սա իսկապես պատուհաս է մեր երկրի համար, սակայն ավելի լավ է` սա լինի, քան պատերազմ։ Սա ուղղակի դասական օրինակ է նրա, երբ երկրի ու ժողովրդի շահերն ուղղակի հակասության մեջ են երկրի առաջնորդի անձնական շահերի հետ։ Իր նպատակն իշխանություն պահելն է, որը պայմանավորված է, թե ինչ չափի սարսափ պետք է լինի մեր ընտրողների մոտ»,– հայտարարեց Քոչարյանը։
ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` Փաշինյանի ամբողջ հույսն այն է, որ միամիտ քաղաքացին, այսպիսի վերլուծություններ չանելով, հերթական անգամ կմտածի, թե երկու չարիքից որ մեկի հետևից է գնալու։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։