Փաշինյանն ու Ռուբինյանը ստում են․ Լևոն Զուրաբյանը՝ բանակցային փաստաթղթերի մասին
13:56 04.12.2025 (Թարմացված է: 14:19 04.12.2025)

© Sputnik / Арам Нерсесян
Բաժանորդագրվել
ՀԱԿ փոխնախագահը շեշտեց՝ հրապարակումներից հետո Փաշինյանի և ՀՀ նախկին երեք նախագահների միջև բանավեճի նյութը սպառված է, քանի որ հնարավոր չէ բանավիճել փաստերի իսկության շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik․ Կառավարության կողմից հրապարակված բանակցային փաստաթղթերը հաստատում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քայլերով լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան, որի հետևանքով կորցրել ենք Արցախն ու ունեցել ենք շուրջ 5000 զոհ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Պնդում եմ, որ այս հրապարակումները մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է, որը 2019թ․ ապրիլին և հունիսին ստացել է կարգավորման պլան (չգիտես, թե ինչու ապրիլի պլանը չի հրապարակել), որով հաստատում էր խաղաղություն, ապաշրջափակում, միջազգային խաղարար ուժերի տեղաբաշխում Արցախի ամբողջ պարագծով, նաև այն 5 շրջանում, որտեղից պիտի հայկական ուժերը դուրս գային, և մենք ստանում էինք խաղաղություն՝ պահպանելով ամբողջ Արցախը, Քելբաջարն ու Լաչինը։ Բայց նա մերժել է այս պլանն ու ընդհանրապես բանակցությունները»,- ասաց Զուրաբյանը։
Նրա համոզմամբ՝ այդ մերժումով Փաշինյանը մարտահրավեր է նետել ոչ միայն Ադրբեջանին, այլև ամբողջ միջազգային հանրությանն ու առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ ըստ էության, նա լեգիտիմացնելով Ադրբեջանի ագրեսիան կամ պատերազմի վերսկսումը 2020թ․։ Դրա հետևանքները եղան ոչ միայն Արցախի կորուստը, շուրջ 5000 զոհերը, այլև այսօր էլ ՀՀ-ն այնքան վնասված ու թուլացած է, որ ընդհուպ խոսք է գնում արդեն Հայաստանի Հանրապետության գոյության մասին։
Զուրաբյանը նաև հավելեց՝ Փաշինյանը բանակցային փաստաթղթերը հրապարակելու պահանջը թերի է կատարել, քանի որ հրապարակվել են միայն ներկայացված առաջարկները, բայց ոչ հայկական կողմի պատասխաններն այդ առաջարկներին։
ՀԱԿ-ի փոխնախագապը նաև մանրամասներ հայտնեց 2019թ․ ներկայացված առաջարկի վերաբերյալ։ Մասնավորապես՝ Արցախի 5 շրջաններում, որոնց պարագծով պետք է տեղակայված լինեին խաղաղար ուժերը, պետք է մուտք գործեին բացառապես Ադրբեջանի քաղաքացիական իշխանություններ, այսինքն՝ ադրբեջանական բանակ կամ որևէ ուժային կառույց ոտք չէր դնելու նշված 5 շրջաններ։ Միջազգային խաղարար ուժերի կազմը պետք է որոշվեր Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ կոնսենսուսով։ Շրջափակումը լիարժեք վերանալու էր։
«Մի կարևոր բան էլ, որ Փաշինյանն ու Ռուբինյանը հերքում են և սուտ են ասում, թե լուծարվելու էր Ղարաբաղի կարգավիճակը։ Իրականում հակառակը՝ սահմանվելու էր միջազգայնորեն լեգիտիմ միջանկյալ կարգավիճակ»,- ասաց Զուրաբյանը՝ մեջբերելով փաստաթղթից մի հատված։
Ըստ դրա՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությամբ ճանաչվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքները, որոնք ապահովագրում են Լեռնային Ղարաբաղի լիարժեք կենսագործունեության կազմակերպումը»։
Զուրաբյանի խոսքով՝ սա նշանակում է, որ ԼՂ իշխանությունները ոչ միայն շարունակելու էին գործել իրենց լիազորությունների լիարժեք ծավալով, այլև այդ ծավալը ճանաչվում էր միջազգային հանրության կողմից։
Միաժամանակ, ըստ առաջարկվող պլանի՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովվելու էր մի քանի երաշխիքներով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման պարտավորությամբ, Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր էին ճանաչվում և դառնում Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ համանախագահ երեք երկրները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
«Սա այն էր, ինչը պետք է իրագործվեր առաջին փուլով, այսինքն՝ անմիջապես։ Դրանից հետո պետք է լիներ երկրորդ փուլ, որն ընդգրկում էր այն հարցերը, որոնց լուծումը դեռ պետք է բանակցվեր։ Այսինքն՝ մենք լիարժեք խաղաղությունն արդեն հաստատել ենք, բանակցում ենք այլ չլուծված հարցերի մասին։ Որո՞նք էին այդ հարցերը․ Քելբաջարի և Լաչինի վերադարձ՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացվող միջանցքի պահպանումով և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո՝ ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման հիման վրա»,- ասաց Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ երբ չլուծված հարցերն առանձնացվում են մի փաթեթի մեջ, դա նշանակում է, որ այդ հարցերի լուծումը դառնում է փոխկապակցված։ ՀԱԿ փոխնախագահը պնդում է, որ այս հարցերի շուրջ երբևէ չէր լինելու համաձայնություն, ուստի խաղաղության պլանի ամբողջ իրագործումը կավարտվեր առաջին փուլի իրականացմամբ։ Սա նշանակում է, որ Հայաստանն ու Արցախը լեգիտիմորեն կպահպանեին իրենց վերահսկողությունն ամբողջ տարածքի նկատմամբ, ներառյալ՝ Քարվաճառն ու Բերձորը, ընդ որում՝ երաշխավորված խաղաղության պայմաններում։
«Եթե հանկարծ Ադրբեջանի համար շատ կարևոր դառնար Քելբաջարի և Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձը, Ադրբեջանը պետք է գնար արմատական զիջումների Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հաստատման հարցում։ Այսինքն՝ ստեղծում էին խաղաղություն, իսկ օդում ապագա սերունդների համար կախում էինք մի հնարավորություն, որ կարող է Քելբաջարը հետ գնա Ադրբեջանին, բայց Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գնով։ Սրանից լավ պլան մեկ էլ 1997թ․ փուլային պլանն էր»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը։
Քաղաքական գործիչը չի հասկանում, թե ինչպես էր հնարավոր երկու անգամ ստանալ այս պլանն ու պարզապես չմտնել բանակցությունների մեջ՝ երանելի խաղաղություն ստանալու համար։
Զուրաբյանի խոսքով՝ թեպետ այս լավ առաջարկը ստացվել է 2019թ․ ապրիլինի և հունիսին, սակայն Փաշինյանի և Ռուբինյանի հայտարարություններով՝ իրենք գնահատման փուլում էին։ Զուրաբյանը շեշտում է՝ այդ գնահատման փուլն անգամ 2020թ․ սեպտեմբերի 27-ի դրությամբ փաստորեն ավարտված չէր, արդյունքում ստացվում է, որ Փաշինյանը պարզապես պաշտոնապես և դիվանագիտական խողովակներով չի պատասխանում ներկայացված առաջարկին, բայց փոխարենը պարբերաբար հրապարակային ու արկածախնդիր ելույթներ էր ունենում՝ հայտարարելով «Արցախը Հայաստան է և վերջ» և այսպես շարունակ։