Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականներին Քննչական կոմիտեն կիրակի կանչել է հարցաքննության
19:19 25.10.2025 (Թարմացված է: 19:28 25.10.2025)

Հովհաննավանքը
© Sputnik
Բաժանորդագրվել
Արագածոտնի թեմի հոգևորականները չեն ներկայանա, քանի որ եկեղեցում ծառայողական պարտականություններ ունեն և չեն խախտելու իրենց հոգևոր պարտականությունները` հավատացյալներին առանց Սուրբ հաղորդության թողնելով։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականներ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության միջոցով իրենց են փոխանցվել Քննչական կոմիտեի ծանուցագրեր՝ կիրակի օրը, ժամը 9։00–ին հարցաքննությանը ներկայանալու պահանջով։ Արագածոտնի թեմի կողմից տարածած հայտարարության համաձայն` 19 քահանա և 2 սարկավագ իրավապահներից ծանուցում են ստացել տարբեր ժամերին՝ այդ թվում՝ ուշ երեկոյան և գիշերային ժամերին, բայց Երևանի քննչական կոմիտե պետք է ներկայանան նույն ժամին։
«ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի կատարել ժամերգություններ, ծեսեր, իսկ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին»,– ասված է հայտարարությունում։
Հոգևորականները հիշեցրել են, որ յուրաքանչյուր կիրակի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր գործող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ, ինչի պատճառով իրենք չեն կարողանալու ներկայանալ քննչական մարմին՝ չխախտելու համար իրենց հոգևոր պարտականությունները և չթողնելու հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության։
Արագածոտնի թեմի հոգևորականները նաև ընդգծել են, որ որպես վկա հարցաքննությանը ցանկանում են ներկայանալ միայն փաստաբանների ներկայությամբ։ Նրանց խոսքով՝ ոչ աշխատանքային կիրակի օրը փաստաբանների ներկայությունը հնարավոր չէ ապահովել, իսկ որոշ դեպքերում նույն փաստաբանը ներկայացնում է մի քանի հոգևորականի, ինչը ևս խոչընդոտ է։
«Առանց փաստաբանի ներկայության չենք պատրաստվում ցուցմունք տալ», — ընդգծել են նրանք։
Հոգևորականները հարգելի են համարում իրենց բացակայության պատճառները և կոչ են արել քննչական մարմնին հարցաքննությունը տեղափոխել մեկ այլ օր, նախապես՝ առնվազն երկու օր առաջ ծանուցելով դրա մասին։ Նրանք նաև նշել են, որ ծանուցագրերը հանձնվել են օրենքի պահանջների խախտմամբ՝ առանց սահմանված ժամկետների պահպանման։ Հոգևորականները միաժամանակ անհանգստություն են հայտնել քննչական կոմիտեի գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ նման վարքագծով փաստացի փորձ է արվում մի ամբողջ մարզ թողնել առանց Սուրբ և Անմահ Պատարագի։
Ծանուցում ստացած հոգևորականներ են.
1.
Տեր Մանուկ քահանա Զեյնալյան2.
Տեր Սարգիս քահանա Սարգսյան3.
Տեր Հայկ քահանա Քոչարյան4.
Տեր Նարեկ քահանա Սարգսյան5.
Տեր Փառեն քահանա Առաքելյան6.
Տեր Մուշե քահանա Վահանյան7.
Տեր Հովել քահանա Օհանյան8.
Տեր Սևակ քահանա Սարիբեկյան9.
Տեր Համբարձում քահանա Դանիելյան10.
Տեր Եղիշե քահանա Բարսեղյան11.
Տեր Զորայր քահանա Կարապետյան12.
Տեր Ղևոնդ քահանա Գափոյան13.
Տեր Հայկ քահանա Սահակյան14.
Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան15.
Տեր Մկրտիչ քահանա Երանյան16.
Տեր Վրթանես քահանա Բաղալյան17.
Տեր Մաղաքիա քահանա Գևորգյան18.
Տեր Օշին քահանա Հայրապետյան19.
Տեր Մխիթար քահանա Ահարոնյան20.
Արտակ սարկավագ Սաֆարյան21.
Վահագն սարկավագ ՍտեփանյանՀիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին կարգալույծ եղած Արամ Ասատրյանը մտադիր է պատարագ մատուցել Հովհաննավանքում։ Էջմիածնում արդեն հայտարարել են, որ Ասատրյանն իրավունք չունի աստվածային ծառայություններ կատարելու, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է անձամբ ներկա գտնվել։ ԶԼՄ-ները գրել են, որ իշխող ուժը մտադիր է ապահովել մասշտաբային ներկայություն։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 23-ին լարված իրավիճակ էր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքում. կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը փորձում էր պսակադրության կարգ անցկացնել։
Հավելենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։