ՀԷՑ–ում անհետաձգելի քննչական գործողություններն ավարտվեցին, աշխատակիցները մտան շենք
13:12 08.07.2025 (Թարմացված է: 13:18 08.07.2025)
© Sputnik
Բաժանորդագրվել
Իրավապահները վաղ առավոտից գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում անհետաձգելի քննչական գործողություններն ավարտվեցին։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները լքում շենքը։
Իրավապահները վաղ առավոտից գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն է իրականացվել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը, որից հետո նա իրավապահների ուղեկցությամբ ՀԷՑ է բերվել՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։